Վաղն արդեն Մարտի 8-ն է, ինչը նշանակում է, որ տղամարդիկ շտապելու են իրենց սիրելի կանանց շնորհավորել և նվերներ մատուցել: Դե քանի որ կանայք նրանց կյանքի ամենաթանկարժեք նվերն են, այդ մի օրն էլ իրենք պետք է նյութապես հատուցեն:

 

Ինչ նվեր ուզում է լինի, բայց ծաղիկները տրամադրություն բարձրացնող գեղեցիկ ու ջերմ ուղեկցողներ են: Ծաղիկներ ստանալիս չկա մի կին, որ լայն չժպտա ու իր խորը շնորհակալությունը չհայտնի նվիրողին, բայց ահա տղամարդիկ, այսպես ասած, «նեղ դրության» մեջ են հայտնվում, որովհետև մեր երկրում, որպես կանոն, յուրաքանչյուր տոնին զուգահեռ բարձրանում են տոնին առնչվող նվերների գները: Այս օրերին ծաղիկների գներն այնքան բարձր են, որ կարելի է շռայլություն համարել մեկ փունջ ծաղիկ գնելը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այսօր եղավ ծաղկի մի քանի խանութներում՝ պարզելու, թե ինչ գներ են տիրում ամենագեղեցիկ շուկայում:

 

Օրինակ՝ մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանի անցումում, որը համարվում է ծաղիկներ գնելու համար ամենաէժան վայրը, ներկայանալի տեսք ունեցող վարդի մեկ հատն սկսվում է 1500 դրամից մինչև 3000 դրամ: Դե իսկ հաշվի առնելով, որ չափազանց ռոմանտիկային տրվել պետք չէ, և սիրելիին առնվազն 9 կամ 11 վարդ պետք է նվիրել, որպեսզի փունջը տեսքով լինի, կազմող գինը հաշվեք ինքներդ: Կրկնում ենք՝ սա ամենաէժան շուկան է, իսկ ահա հոլանդական կակաչները, որոնք բավականին պահանջված են, սկսվում են 800 դրամից:

 

Երբ գնային հետազոտություն սկսեցինք իրականացնել, պարզեցինք որ ծաղկային գլամուր շուկայում գներն ավելի ուժգին ցավ են պատճառում:

 

Օրինակ՝ Any Rose ծաղկի խանութում մեզ ամենադժվար պահերն էին սպասվում. հենց մուտքի մոտ ամենաերևացող տեղում մի ծաղկեփունջ էր դրված, որի գինը, կարդալուց առաջ խորը շունչ քաշեք, պատրա՞ստ եք, դե կարդացեք՝ 920.000 դրամ:

 

Օրինակ՝ այս գումարով կարելի է Դուբայում մեկ շաբաթ հանգստանալ սիրելիի հետ, անգամ այս ծաղկեփնջի արժեքով հնարավոր կլինի Ծաղկաձորում հանգստանալ:

 

Մեկ այլ թանկարժեք տարբերակ է առաջարկում «Բրաբիոն» ֆլորա սերվիսը. նկարում պատկերված փունջն արժե 501.000 դրամ:

 

Միջին գնային սահմաններում ծաղիկներ է առաջարկում Coco Fiori-ն, օրինակ, նկարում պատկերված կոմպոզիցիայի արժեքները, ըստ չափսի, տարբեր են.

 

Փոքր - 47.000 դր.
Միջին - 65.000 դր.
Մեծ - 78.000 դր.
Ամենամեծ - 85.000 դր.

Նկարում ներկայացվածն ամենամեծն է: 

Իհարկե, չափսի համեմատ դժվար է ասել՝ միջին գնային ապրանք:

 

Հավաքածու- Rubino
Ամենափոքր - 22.000 դր.
Փոքր - 45.000 դր.
Միջին - 65.000 դր.
Մեծ - 75.000 դր.
Ամենամեծ - 100.000 դր.

Նկարում ներկայացվածը մեծ չափն է:

 

Դե իսկ այսքան բան տեսնելուց հետո հանգեցինք մի համոզմունքի, որ խելացի կինը չի նեղանա, եթե իր տղամարդն այս օրերին ծաղիկներով չշնորհավորի իր տոնը: