Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը՝ 70 տոկոսից ոչ պակաս:

 

Ազգային ժողովի կողմից ընդունված այս օրենքը հակասահմանադրական է։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պնդեց «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

 

- Պարո՛ն Հովհաննիսյան, այս օրենքի հետ կապված ի՞նչ խնդիր կա: Դուք օրեր առաջ ասուլիսով հանդես եկաք, որտեղ նշեցիք, որ Ճանապարհային ոստիկանությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում վարորդների նկատմամբ։ Կմանրամասնե՞ք՝ ինչ տարբերակված մոտեցման մասին է խոսքը։


- Նախ սկսեմ նրանից, որ մեր կարծիքով Ազգային ժողովն ընդունել է մի օրենք, որը հակասում է Սահմանադրությանը և մարդկանց հավասարությանը։ Տվյալ դեպքում իրավիճակն այնպիսին է. եթե մի վարորդի մեքենայի հողմապակին ունի գործարանային 75 տոկոս լուսաթափանցելիություն, իսկ մյուս վարորդի մեքենայի ապակին թաղանթապատված է և ունի նույն 75 տոկոս լուսաթափանցելիություն, ապա ստուգումից հետո գործարանային մուգ ապակիներ ունեցող վարորդը չի տուգանվում։ Ստացվում է՝ այն վարորդը, ով ունի գործարանային 75 տոկոսանոց մգացված ապակիներով մեքենա, կարող է շահագործել, իսկ մյուս վարորդները տուգանվում են։

 

- Այսօր Հայաստանում նման մեքենաներ շա՞տ կան, պարո՛ն Հովհաննիսյան։


- Չեմ կարող ասել՝ գործարանային մգացված կոնկրետ որքան մեքենա կա Հայաստանում:

 

- Այս հարցով Ազգային ժողով կամ Ճանապարհային ոստիկանություն դիմե՞լ եք:


- Այո, մենք նամակ ենք ուղարկել Ազգային ժողովի նախագահին, նամակն ուղղարկվել է Արդարադատության նախարարին, այնտեղից էլ ասել են՝ դա իրենց գործը չէ և հորդորել են դիմել Ճանապարհային ոստիկանություն, որը կիրառում է օրենքը։ Մենք հիմա դիմել ենք Ճանապարհային ոստիկանություն։ Սակայն նրանց պատասխանը մեզ շատ է զարմացրել։ Ճանապարհային ոստիկանությունից մեզ տեղեկացրել են, որ իրենք որևէ խախտում չեն անում։ Բայց մենք նամակում մի քանի հարցեր ենք տվել, որոնց չեն պատասխանել։ Միայն ասում են, որ օրենքի շրջանակում են գործում։ Մենք էլ ասում ենք, որ օրենքը հակասահմանադրական է, պետք է քայլեր ձեռնարկել այն փոփոխելու համար:

 

- Ձեզ այդ հարցով վարորդներ դիմե՞լ են:


- Այո, դիմել են, բայց մեզ համար շատ դժվար է վարորդներին համոզել դատարան դիմել։ Բայց այս պահին մեկ դեպք կա, որով մենք դատարան կդիմենք:

 

Նշենք, որ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Դավթյանի հետ, ով միայն նշեց, որ վարորդների նկատմամբ տարբերակված մոտեցում չի ցուցաբերվում և մնացած հարցերով հորդորեց դիմել ոստիկանության լրատվական վարչություն։

Ք. Աղալարյան