Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների: Այդուհանդերձ, Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է լուծմանն օժանդակելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձևաչափերում Ռուսաստանը, լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակիցը, շարունակում է (ԼՂ հակամարտության կարգավորման) աշխատանքը»,- ասել է նա՝ նշելով, որ «դա ոչ թե մեկանգամյա ջանք է, այլ հետևողական ուղեգիծ»: «Բայց ինչ-ինչ վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջադրել միայն հակամարտության կողմերը»,- հավելել է Պեսկովը: «Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը, չեն կարող Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: