Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Գասպարին հայտարարություն է տարածել, որում նշում է, որ հրաժարվում գործում նոր պաշտպան ներգրավելու դատարանի առաջարկից։

 

Հայտարարությունը ստորև.

 

«Ի պատասխան ձեր գրությանը, որով առաջարկել եք ինձ ընտրել նոր պաշտպան, հայտնում եմ, որ ձեր առաջարկությունը մերժվում է, քանի որ բազմիցս հայտնել եմ, որ իմ պաշտպաններն են թիվ ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով միայն և միայն Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը:

 

Միաժամանակ, հայտնում եմ, որ դուք սխալ եք հաշվարկել փաստաբանների նիստերին մասնակցությունը, մասնավորապես՝ Դավիթ Գյուրջյանը չի ներկայացել անընդմեջ թվով երկու այլ ոչ երեք դատական նիստերի, ինչպես դուք եք նշել, ինչպես նաև Տիգրան Եգորյանի հեռանալը նիստերի դահլիճից չի նշանակում վարույթից հեռացված լինել, նա շարունակում է իմ պաշտպանը մնալ և դուրս է եկել դահլիճից այն պատճառով, որ ես չեմ լիազորել վերջինիս իմ բացակայությամբ մասնակցել նիստերին (չեմ հրաժարվել նրանից) և այդ հանգամանքը որևէ կերպ ձեզ հնարավորություն և իրավական հիմք չի տալիս նրան վարույթից հեռացված համարելու և ինձ 304-րդ հոդվածով սահմանված կարգով նոր պաշտպան ներգրավելու առաջարկություն անել:

 

Միաժամանակ ձեր գրության մեջ նշել եք, հաջորդ դատական նիստի օրն ու ժամը, սակայն չեք նշել որ ես կանչվում եմ դատական նիստին, և պահպանված չեն քրեական դատավարության օրենսգրքով ծանուցագրին առաջադրվող պահանջները: Դրանից ելնելով խնդրում եմ պարզաբանել, արդյոք ուղարկված գրությունը ծանուցագիր է թե ոչ և եթե այո, արդյոք ես կարող եմ ներկայանալ այն պատճառով, որ դուք եք թույլատրում, թե կիրառված սանկցիայի՝ հեռացման 6 ժամերը սպառվել են»: