ՔՊ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել, որ ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում կարող են լինել միայն կուսակցության անդամները: Խաչատուր Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

«Կուսակցություն մտնելու համար կա հետևյալ ընթացակարգը. անձը պետք է ցանկություն հայտնի մտնել կուսակցության շարքերը, և կուսակցության վարչությունը պետք է քննարկի այդ հարցն ու որոշում կայացնի՝ մարդուն ընդունո՞ւմ են կուսակցության շարքերը, թե՞ չէ»,- ասաց Փաշինյանը:

 

Դիտարկմանը, թե Խաչատուր Սուքիասյանն ընդդիմադիր գործիչ չի համարվում այլևս, հատկապես՝ «Ռոսիա Մոլի» բացումից հետո, Փաշինյանն ասաց. «Ես ձեզ ասացի ընթացակարգը, եկեք Կիկոսի մահը չսարքենք, բա որ այսպես լինի, այնպես լինի: Կլինի կոնկրետ իրավիճակ՝ կլինեն կոնկրետ լուծումներ, այդ լուծումների նկատմամբ կտրվեն կոնկրետ պարզաբանումներ»: 

 

Հարցին, թե ինքը՝ Փաշինյանը, օլիգարխի հետ համագործակցության կգնա՞, ասաց, որ Խաչատուր Սուքիասյանի հետ քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունեն, և դա 2008 թվականի Ազատության հրապարակն է: Իրենց անձնական հարաբերությունների մասին տեղեկացված են բոլորը, թեպետ այդ անձնական հարաբերությունները չեն նշանակում, որ իրենք իրար հետ կոնսուլտացիաներ են անում, շատ հաճախ հանդիպում են, կամ իրենք ամեն ինչի մասին նույն տեսակետն ունեն, ամեն ինչը գնահատում են նույն կերպ:

 

«Մենք նույնիսկ կարճ ժամանակ Խաչատուր Սուքիասյանի հետ գտնվել ենք «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում և միևնույն կարգավիճակում»,- ասաց նա: