Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ գրություն է ուղարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սասուն Միքայելյանը «Հայ ազգային կոնգրեսի» նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում է և նրա դերը անուրանալի է ՀԱԿ խմբակցության ձևավորման գործում, այս փաստը վիճարկման ենթակա չէ:

 

«Խմբակցության անդամ հանդիսացող 7 անդամից 4-ը կողմ է արտահայտվել, որ այդ որոշումը կայացվի: Սասուն Միքայելյանն ընդամենն ասում է՝ ես այդ խմբակցությունը ձևավորած ցուցակի անդամ եմ և ունեմ որոշակի ներդրում, և կարծում եմ՝ այդ ներդրումն առնվազն համարժեք է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում առնվազն 27 տեղ դրվի»,- ասաց Փաշինյանը:

 

Հարցին, թե տարիների ընթացքում բավականին «ջրեր են հոսել», հարաբերություններ են փոխվել, պատգամավորն ասաց. «Ջրերը հոսել են, բայց Օրենսդրությունը չի փոխվել, Օրենսդրությունը ոնց եղել է, այդպես էլ մնացել է: Ես չեմ խոսում հարաբերությունների մասին, տրամադրությունների մասին, ես խոսում եմ Օրենսդրության մասին: Հարաբերությունների մեջ ոչ մի գաղտնիք չկա, դուք ամեն ինչ գիտեք: Այս գրագրությամբ մենք հարաբերություններ չենք պարզում, մենք ասում ենք՝ եկեք այս հարցն այսպես լուծենք»:

 

Հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում՝ իբրև թե Սասուն Միքայելյանը նախագահից «դաբրո» ունի, Փաշինյանը նախ հարցրեց՝ նախագահն ո՞վ է, այնուհետև ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ՔՊ կուսակցության գործունեությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդ բառապաշարի տիրույթում, նրանք ուրեմն իրավիճակը սխալ են ընկալում կամ սխալ են գնահատում: