Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը:

 

 

«ՀՀ բնակչության թիվը հատել է երեք միլիոնից ներքև սահմանը, և կարծում եմ՝ նվազեցումը թույլ է տալիս, որ կառավարությունը վերանայի իր դիրքորոշումը հետևյալ հարցի շուրջ. մենք՝ ՀՀ քաղաքացիներս, գումար ենք վճարում, որպեսզի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվող առանձնատներում բնակվեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը: Հաշվի առնելով մեր սուղ պայմանները՝ ես կարծում եմ՝ ոչ թե մենք պետք է իրենց համար բնակարաններ վարձակալենք և վճարենք, այլ թող իրենք ապրեն իրենց բնակարաններում, և այդ գումարները փոխանցենք ՀՀ կարիքավոր ընտանիքներին:

 

 

Պատգամավորը հարցրեց, թե այս տարիների ընթացքում քանի՞ անտուն նախարար ու նախագահ է այդտեղ ապրել և որքա՞ն գումարներ են վճարվել: Առաջարկեց այդ մարդկանց ուղարկել իրենց սեփականության պատկանող բնակարաները և պետության միջոցներն այդպես չվատնել:

 

 

Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ անվտանգության առումով պետության՝ շատ սահմանափակ թվով բարձրաստիճան պաշտոնյաների համար ստեղծվում են նման հատուկ պաշտպանվող բնակավայրեր:

 

 

«Պոպուլիստական առումով հարցը շատ գեղեցիկ է հնչում, և տպավորություն է, թե՝ այո՛, տեղ ենք գտել, որտեղ կարելի է ծախսերը կրճատել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

 

Նախարարը նշեց, որ Հայաստանը միակը չէ, որ նմանատիպ լուծում է գտել, անգամ ՀՀ-ում, ի տարբերություն այլ երկրների, այդ բնակարանների թվերը սահմանափակ են:

 

 

Զարուհի Փոստանջյանն առաջարկեց նաև այդ գումարները փոխանցել, օրինակ, ՀՀԿ տատիկին, ով բազմիցս դիմել է պատգամավորին և բնակարանի խնդիր ունի: «ՀՀԿ-ի տատիկին էլ ինչ-որ տարածք տվեք, թող այդ տատիկը բնակվի»,- ասաց Փոստանջյանը:

 

 

Դավիթ Հարությունյանն այս առնչությամբ պատգամավորին պատասխանեց. «ՀՀԿ-ի տատիկը հավանաբար Ձեր տատիկն է, որովհետև ՀՀԿ-ն տատիկ չունի: Առաջարկում եմ այստեղ ավելի լուրջ քննարկումներ անել. երկրի առջև ծառացած են այլ խնդիրներ, և այս հարթակը չսարքել շոուի հարթակ»: