ԱՄՆ-ը դեմ է Սիրիայում քրդական ինքնավար որեւէ կազմավորման ստեղծմանը, այդ թվում՝ երկրի քրդերով բնակեցված հյուսիսային մարզերում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով Հյուսիսային Սիրիայի քրդա-արաբական վարչակազմերի համագումարի վերաբերյալ լրագրողների հարցերին:

 

«Մենք չենք ճանաչում Սիրիայում ինքնակառավարվող որեւիցե կիսաինքնավար գոտու ստեղծումը»,- ասել է նա: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն այդօրինակ փորձերը հակարդյունավետ է համարում երկրի քաղաքական իրադրության կագավորման համար:

 

Հյուսիսային Սիրիայի տարածաշրջանային քրդա-արաբական վարչակազմերի հիմնադիր համագումարը բացվել է Հասեկե հյուսիսարեւելյան նահանգի Ռումեյլանե քաղաքում: Համաժողովին, որն ընթանում է «ժողովրդավարական դաշնային Սիրիան ժողովուրդների համատեղ կյանքի եւ եղբայրության երաշխիքն է» նշանաբանի ներքո, մասնակցում են 200 պատվիրակներ:

 

Արեւմտյան Քրդստանի (Ռոջավա) ներկայացուցիչ Իդրիս Նաասանը հայտարարել է, որ համաժողովի արդյունքը պետք է դառնա «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից վերահսկվող տարածքներում կառավարման դաշնային համակարգի հաստատումը:

 

Նաասանի խոսքով՝ քրդերի կողմից վերահսկվող շրջանները կստանան «Հյուսիսային Սիրիայի դաշնություն» անվանումը:

 

Սիրիայի կառավարությունը մերժել է այդ գաղափարը: Այդ պլաններին դեմ է արտահայտվել նաեւ հարեւան Թուրքիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: