Այսօր կառավարության հերթական նիստին զուգահեռ՝ դրսում բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ պահանջելով գործարանի վերագործարկում։ Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, նաիրիտցիները պատրաստվում են կառավարությունից գնալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։

 

Հիշեցնենք, որ երեկ նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքը կանի մաքսիմալը՝ գործարանի վերագործարկման համար։ Նախարարը նաև հայտարարեց՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ռուսական «ՌՏ-Քիմկոմպոզիտ» ընկերությունից մինչև ապրիլի 1-ը տեխնիկական առաջարկներ կստանա «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ այս ընկերության նախագահների խորհրդի անդամ է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

 

Նաիրիտցիները նախարարի այս հայտարարություններին թերահավատորեն չեն վերաբերվում, սակայն չեն էլ պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները։ «Նման ապրիլի մեկեր մենք շատ ենք լսել։ Բայց դա պատճառ չէ, որ մենք դադարեցնենք մեր ակցիաները։ Մենք պայքարելու ենք մինչև գործարանի վերագործարկումը»,- մեզ հետ զրույցում ասաց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը։

 

Նշենք, որ նաիրիտցիները պատրաստվում են նամակ հանձնել էներգետիկայի նախարարին։ Նամակով նրանք առաջարկում են «Նաիրիտի» հարցերով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկել մարդկանց, որոնց իրենք վստահում են։

 

«Մենք ուզում ենք այդ խմբում լինի նաիրիտցիներից, ում մենք վստահում ենք»,- ասաց համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը։

 

Վերջում հավելենք՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ում առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։

 

 

Քրիստինա Աղալարյան