Մարտի մեկի բացահայտումից խոսելն անհեթեթություն է, քանի որ այն տեղի է ունեցել աշխարհի առաջ և բացահայտված է, պարզապես այդ ոճիրը գործողները պատժված չեն։ Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ նոր կուսակցություն ստեղծելու և դրանով Մարտի 1-ի բացահայտմանը նպաստելու հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը:

 

«Եթե հայերիս չհաջողվի պատժել այդ հանցագործներին, ապա մենք կմոռանանք պետություն ունենալու մասին ընդմիշտ։ Պետության վերածվելու կարևորագույն նախապայմաններից մեկը Մարտի 1-ի ոճրագործների պատժումն է։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա բոլորս էլ գիտենք այդ մարդու մեղսակցությունը ոճրագործությանը։ Մենք գիտենք, որ նրա մեղսակցությունը եղել է քաղաքական։ Ես կարծում եմ, որ մեղքի չափի իմաստով քիչ չի եղել։ Նա, եթե իր մեջ ուժ գտնի և մեղայականով հանդես գա, ժողովրդից ներողություն խնդրի, որ այդ օրերին կանգնած է եղել ոճրագործի կողքին, եթե բացահայտումներ կատարի ներքին խոհանոցից, հրամաների կատարումների մասին, հրամայողների մասին, այդ դեպքում գուցե ժողովուրդը ների։ Այդ ներումից հետո գուցե տվյալ գործիչը կարողանա օգուտ տալ մեր երկրին ու ժողովրդին։ Բայց ես կարծում եմ՝ հավանականությունը քիչ է»,- ընդգծեց Ժիրայր Սէֆիլյանը:

 

Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանի այս կուսակցությունը կապ չունի ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ես հպանցիկ եմ մոտենում այդ գործչի գործունեությանը, ես կարծում եմ՝ Քոչարյանը կապ չունի։ Ես տեսնում եմ հեռանկար, որ վերջում Սերժն ու Քոչարյանը մնալու են մենակ։ Կարծում եմ՝ իմ դիտարկմամբ, այս կուսակցության նախաձեռնության հետ Քոչարյանը կապ չունի։ Սերժը կարող է կապ ունենալ»,- եզրափակեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժ. Սէֆիլյանը։ 

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ինքը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Վերջինս, ըստ էության, չի բացառել, որ իր կուսակցությունով նպաստելու է Մարտի 1-ի բացահայտմանը։