Գյումրիի անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծանր գործին լծված երիտասարդները հաջողություն են գրանցել։ «SOS Գյումրի» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 22 բնակարան արդեն պատրաստ է հանձնելու անօթևան ընտանիքներին։

 

«Մենք արդեն սկսկել ենք բնակարանների հանձնման գործընթացը, էմոցիաները շատ շուտով: Հատուկ շնորհակալություն Գյումրու քաղաքապետարանին մեզ աջակցելու և տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել են նախաձեռնության անդամները։

 

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» բնակարաններ կտրամադրի Գյումրու անօթևան ընտանիքներին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջև 2016թ. մարտի 18-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր՝ Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող 10 ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով:

 

Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ երեխաներ, հաշմանդամներ ու տարեց մարդիկ են բնակվում:

 

Պայմանագիրը նաև նախատեսում է սեփականության իրավունքով հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների որոշակի և ժամանակավոր սահմանափակումներ, ինչպիսիք են օտարելը, վաճառելը, փոխանցելը, վարձակալությամբ տրամադրելն ու գրավադրելը:

 

Բացի այդ՝ ընկերության ղեկավար անձնակազմի և կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում ևս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով: