«Նոր Հայաստանը» նորից որոշել է «ժողովրդին մոբիլիզացնել»: Եթե ասածս ընդունենք որպես քաղաքական անեկդոտ, ապա սա կդառնա այն՝ ընդամենը մեկ նախադասությունից բաղկացած անեկդոտներից, քանի որ շարունակության կարիքը չկա. միայն այն հանգամանքը, որ դժվարությամբ մեկ տասնյակ մարդ հավաքող «ուժը» ժողովրդական մոբիլիզացիայից է խոսում, արդեն իսկ անեկդոտ է:

 

Բայց «մոբիլիզացիայի» «պատճառը» ոչ պակաս հումորային չէ՝ նրանք բողոքում են Ընտրական օրենսգրքի նախագծից: Եթե, օրինակ, նման նախագծից բողոքեին կառուցողական ֆորմատով աշխատող ընդդիմադիր ուժերը, ովքեր նաև իրենց մասնակցությունն են ցուցաբերում նման նախագծերի ձևավորմանը, քննարկումներին, ապա դա կլիներ լիովին տրամաբանության մեջ ու տեղին: Սակայն ռադիկալ դիրքորոշում որդեգրած, բոլոր տեսակի կառուցողական գործընթացներից հեռու մնացող, ոչնչի չմասնակցող և միայն փողոցային սակավամարդ միջոցառումներ կազմակերպող կառույցը որպես ի՞նչ է որևէ նախագծից բողոքում կամ բողոքում է որ ի՞նչ անի՝ այդպես էլ մնում է անհասկանալի: Չէ՞ որ նրանց միակ նպատակը «ռեժիմին հեռացնելն» է, ուրեմն էլ ի՞նչ տարբերություն, թե այդ «խուճապի մեջ գտնվող ռեժիմն» ինչ նախագծեր կառաջարկի ու կընդունի, միևնույն է՝ նրանք «հեռացվելու» են: Նույնիսկ կասկածելի է՝ իրենց ընդդիմադիր հռչակողներից շատերը գոնե ծանո՞թ են այդ նախագծին, թե՞ ոչ:

 

Այսպիսով՝ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի իրադարձությունները հայ բանասերների համար նոր ուսումնասիրությունների անսպառ աղբյուր կարող են հանդիսանալ՝ հայ բանահյուսության նոր ժանրի նմուշների՝ քաղաքական անեկդոտների գրի առնելու և հավաքելու համար: Մեկ անեկդոտ արդեն գրի առանք՝ ««Նոր Հայաստանը» նորից որոշել է «ժողովրդին մոբիլիզացնել»»: Մնացածը թող գրի առնեն բանասերներն ու բանահավաքները:

Կարեն Վարդանյան