Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ՝ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասին, պարզվում է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է: Ավելին, ոստիկանապետի հրամանով մարտի 9-ից ծառայողական քննություն է նշանակվել. Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ավելացնելով, որ ծառայողական քննության ընթացքը գտնվում է ոստիկանապետի ուշադրության կենտրոնում։

 

Նշենք, որ armlur.am-ը գրել էր, որ մարտի 8-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Սյունիքի մարզի իրավապահ համակարգի ղեկավար կազմի, այդ թվում Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ։ Մասնավորապես՝ այդ օրը երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով։ Ավելի ուշ՝ ոստիկանապետը ձերբակալել է Արթուր Գևորգյանին։ Հավելենք, որ Գևորգ Ազիզյանի տեղակալը Արթուր Գևորգյանի եղբայրն է, ով ազատվել է աշխատանքից։

 

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։