ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունն իրականում ոգևորել է մի շարք քաղաքական գործիչների և նույնիսկ՝ հույսով արել: Սա, իհարկե, ոչ բացահայտ, քողարկված կերպով, սակայն նույնիսկ նրանց մեկնաբանություններն այդ առթիվ, մեղմ ասած, մատնում են նրանց: Օրինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` լրատվամիջոցներից մեկին մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կապը Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության հետ, ասել է` եթե երկրորդ նախագահն իսկապես ցանկանար վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ոչինչ չէր խանգարում նրան ինքնուրույն հաստատեր դա, բացահայտ հայտարարեր այդ մասին, այլ ոչ թե` աներ այլ կուսակցությունների միջոցով:

 

Այ այստեղ է, որ պետք է հակադարձեմ Դավիթ Հարությունյանին. ես համոզված եմ, որ երկրորդ նախագահին իրականում շատ բաներ են խանգարում իր վերադարձի մասին բացահայտ հայտարարելու համար: Նախ, Ռոբերտ Քոչարյանը փորձառու ու բավականին խելացի գործիչ է և շատ լավ գիտակցում է, որ իր վերադարձի մտադրությունը ինքնուրույն հաստատելու դեպքում հասարակության կողմից ինքը կունենար գրեթե զրոյական աջակցություն, հետևաբար, նրա քաղաքական գործունեությունը դեռ չվերսկսված՝ միանգամից կտապալվեր: Քոչարյանը, վստահ եմ, շատ լավ է գիտակցում, որ ժողովուրդն իրեն, մեղմ ասած, չի սիրում և դեռ չի մոռացել իր արածները: Իհարկե, մեր ժողովրդի մի հատվածը սովորություն ունի երբեմն հիշողության կորուստ արձանագրելու և կարևոր բաները մոռանալու, ինչպես օրինակ 2008-ին մոռացան Լևոն Տեր-Պետրոսյանի արածները և գնացին նրա հետևից, սակայն Քոչարյանի այդ ժամանակը դեռ չի եկել, նրա «գործերը» դեռ չեն մոռացվել, միգուցե էլի ինչ-որ ժամանակ է պետք, որ անցնի:

 

Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ լավ է հաշվարկել, այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ նա փորձառու է և խելացի, ինչն անվիճելի է: Հետևաբար, երկրորդ նախագահը մեծ քաղաքականություն կփորձի վերադառնալ միայն կուսակցությունների միջոցով, իր վստահելի մարդկանց, իր մարդկանց միջոցով, և այդ մարդկանցից է` Վարդան Օսկանյանը:

 

Ի դեպ, տարօրինակ չէ, որ Դավիթ Հարությունյանը զգուշորեն պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, չէ՞ որ հենց երկրորդ նախագահի օրոք է նա զբաղեցրել երկրի արդարադատության նախարարի պաշտոնը:

 

Կարեն Վարդանյան