Ամեն ինչներս տեղն էր, միայն ազգայնամոլական դրսևորումներն էին մեզ պակասում…

 

Հիմա էլ՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայրաքաղաքի որոշ խանութներում իրանցի զբոսաշրջիկներին ներս չթողնելու դեպքերն են հայտնվել, օգտատերերի մեջ կա մի հատված, որը փաստացի կողմ է նման ազգայնամոլական դրսևորումներին:

 

Նախ, ես կարծում եմ, Հայաստանն այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան իրանցի զբոսաշրջիկներին «անուն կպցնելն» ու հակապարսկական տրամադրություններ սերմանելը:

 

Վերոհիշյալ խանութների տերերին, որոնք իրանցի զբոսաշրջիկներին կպցնում են ընդհանրացված «գող» մակդիրը, հարկ է տեղեկացնել (միգուցե իսկապես չգիտեն), որ, օրինակ, Ռուսաստանում և այլ երկրներում ապրում են մեր շատ ու շատ հայրենակիցներ, որոնց մեջ կան նաև գողեր, խուլիգաններ, գրպանահատներ, թալանչիներ և նրանք այնտեղ թալանում են, գողանում, բայց նրանց պատճառով ամբողջ ազգին անուն չեն կպցնում և հայերի առջև դռներ չեն փակում:

 

Նաև, միգուցե ոմանք չգիտեն, բայց ազգասիրությունը, հայրենասիրությունը իրականում նույնիսկ որևէ հեռավոր աղերս չունի այլատյացության հետ: Իսկ ազգայնամոլության ու շովինիզմի դրսևորումները մեր երկրին, մեղմ ասած, պատիվ չեն բերում: Համամիտ եմ՝ չպետք է թողնել, որ մեր երկրում օտարերկրացին «մեր գլխին նստի» և իրեն թույլ տա անվայել արարքներ, սակայն Հայաստանում այս երևույթը համատարած պատկեր չի հանդիսանում: Եվ, ընդհանրապես, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ ցանկացած տիպի ծայրահեղություն չարիք է:

 

Կարեն Վարդանյան