Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին համընթաց ավելանում են ինտրիգներն այս քաղաքում: Դպրոցների տնօրենների հետ հանդիպումներ էր կազմակերպել Նիկոլ Փաշինյանը (ՔՊ-ն առաջադրել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը-հեղ.), ով գաղտնի տեսանկարահանվել էր ներկայիս քաղաքապետի հրահանգով և հրապարակվել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արթուր Միսակյանից հետաքրքվեց՝ արդյոք ինքը նկատե՞լ է իրեն հետևելու, տեսանկարահանելու դեպքեր, պատասխանեց. «Ես որևէ ցանկություն չունեմ մեկնաբանելու այդ հակամարտությունը: Այդ թեկնածուների մեջ հակամարտությունն արդեն քսան տարուց ավելի է: Արդեն մարդկանց համար անհետաքրքիր է նման ճանապարհով քվեներ հավաքելը: Հրազդանցին համեմատելու է, տեսնելու է և թեկնածուների մոտեցումները համեմատելով՝ կատարելու է իր ընտրությունը»:

 

Այն ճշտող հարցին, թե ի վերջո նման դեպքեր նկատե՞լ է, Միսակյանն ասաց. «Ինձ չեն հետապնդել, չեն էլ կարող հետապնդել»:

 

Մեկնաբանելով նաև այն խոսակցությունները, թե այս կամ այն թեկնածուն ունի այս կամ այն մարդու «դաբրոն», իսկ ինքը նման «դաբրո» ստացե՞լ է, Միսակյանն ասաց, որ ինքը «դաբրոների» կարիք չունի և կարծում է, որ «դաբրոն» տալու է ժողովուրդը: Քաղաքապետի թեկնածուն կոչ է անում դուրս գալ 90-ականների հնացած տերմինների շրջանից:

 

«Ես ունեմ մեր քաղաքական ուժի անվերապահ աջակցությունը, ես ունեմ հազարավոր համակիրների վստահությունը, իմ բոլոր հանդիպումները Հրազդանում ցույց են տալիս, որ Արթուր Միսակյան թեկնածուն ունի շատ լավ հնարավորություն՝ Հրազդան քաղաքում արձանագրելու հաղթանակ: Դրա մասին խոսում է նրանց վերաբերմունքը իմ նկատմամբ, իմ առաջ քաշած ծրագրերին: Գործող քաղաքապետի աշխատանքը եղել է հրազդանցու աչքի առաջ իր կաշվի վրա զգում է: Սասուն Միքայելյանի աշխատանքը նախկինում հրազդանցիներն զգացել են, և իմ գործը հստակ հեշտացել է, որովհետև հրազդանցին համեմատելու է և տեսնելու է ինձ, ով առաջ է քաշում նոր մոտեցումներ»,- ասաց Միսակյանը:

 

Նշեց նաև, որ ընտրական տեղամասերում իրենք ներկայացնելու են հանձնաժողովի մեկ անդամ և մեկ վստահված անձ, և ամեն հնարավորինն արվելու է, որ օրենքով սահմանված կարգով պաշտպանվի յուրաքանչյու ընտրողի քվեն: Անկախ դրանից, թե այդ քվեն ում է տրվելու: