Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ավելի հայտնի՝ Նեմեց Ռուբոն, հայտարարել է, թե Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իր պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: «Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական»,- ասել է Հայրապետյանը։ Ֆեդերացիայի նախագահի այս հայտարարությունը զայրույթ է առաջացրել ֆուտբոլասերների մոտ։ Ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամները ևս դատապարտում են նման գործելաոճը։

ՖԱՖ-ի հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցն իրենք բազմիցս բարձրաձայնել են, բազմիցս ասել են, որ Ռուբեն Հայրապետյանը կամայական մոտեցում է ցուցաբերում հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ: «Մենք առաջինն ենք բարձրաձայնել այս խնդիրը: Արդեն հոգնել ենք կրկնվելով, պայքարը միայն ՖԱՖ-ով չէ: Կառույցները, անհատները, ովքեր դժգոհում են, պետք է մեր կողքին լինեն, մեզ հետ պայքարեն: Ամեն անգամ ասուլիսներ տալով, մենք չենք կարող հաջողության հասնել։ Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է արել, որ քանի դեռ ինքը ֆեդերացիայի նախագահն է այս կամ այն ֆուտբոլիստը չի հրավիրվելու հավաքական»,- ասաց ՖԱՖ-ի հիմնադիրներից Սերգեյը։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները մնում են իրենց օրակարգում. «Առաջիկայում հավաքականի խաղն է, մենք լինելու ենք մեր տղաների կողքին։ Հավաքականը Ռուբեն Հայրապետյանինը չէ, մենք մեր տղաներին թև ու թիկունք ենք լինելու։ Տարատեսակ խոչընդոտներ են ստեղծվում ՖԱՖ-ի համար։ Մենք փորձելու ենք այդ ամենից պատվով դուրս գալ»:

Սերգեյ Ջանջոյանը հավելեց, որ իրենք մարտի 25-ին հավաքականի խաղին ներկա են լինելու անհատապես ձեռք բերված տոմսերով, քանի որ ֆեդերացիան այս առումով ևս խոչընդոտներ է ստեղծում իրենց համար։ Նշենք, որ առաջ ՖԱՖ-ին տրամադրվում էին որոշակի քանակով տոմսեր և մարզադաշտի հարավային տրիբունան: Սակայն, ՖԱՖ-ը հրաժարվեց դրանից՝ պահանջելով տոմսերի գների իջեցում։

«Մենք տոմսեր ենք ձեռք բերել: ՀՖՖ-ն ամեն ձևով խոչընդոտում է, որ մենք չկարողանանք մուտք գործել մարզադաշտ, բայց մենք կարողացանք ձեռք բերել հյուսիսային տրիբունայի տոմսեր»,- ասաց Սերգեյը և ավելացրեց, որ իրենք Օպերայից երթով են գնալու հանդիպմանը։ ՖԱՖ-ի անդամը կոչ արեց բոլորին միանալ միանալ իրենց։

ՖԱՖ-ի մեկ այլ անդամ Տիգրան Մազմանյանն էլ ասաց, որ բոլորին շուտվանից հայտնի էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հավաքական չեն հրավիրում Ռ.Հայրապետյանի հրամանով: «Բայց այսօր «գերմանացին» չժխտեց այդ փաստը. «Քանի ես ֆեդերացիայի նախագահ եմ, նրանք ոտք չեն դնի հավաքական»: Ու այս խոսքերն ասում է հայկական ֆուտբոլի մասին մտածող մա՞րդը։ Ես կասեի մեկ այլ բան։ Քանի դեռ նա Ֆուտբոլի ֆեդերացիաի նախագահ է, մենք իրական ֆուտբոլ չենք կարող դիտել։ Ոնց կարելի է անձնական չարության պատճառով ամբողջ պետության անվան հետ խաղալ։

Իսկ ինչ մնում է խաղ վաճառելուն, պարոն «գերմանացին» ուղղակի կեղծ հայտարարություններով ֆուտբոլիստների անվան հետ է խաղում, իսկ դա կարող է բերել նրան, որ մի քանի տարուց չենք ունենա Ազգային հավաքական, այլ լինի Ռուբեն Հայրապետյանի խամաճիկների թատրոն»,- ասաց Տիգրան Մազմանյանը։

Քրիստինա Աղալարյան