Հայաստանի մարզերի, բայց հատկապես Շիրակի մարզի խնդիրների մասին, թերևս, խոսվել է բազմիցս:Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Շիրակի մարզը երկրի յուրօրինակ հայելի է դարձել, որում խտացված կերպով արտացոլվում են Հայաստանի բոլոր խնդիրերն անխտիր. արտագաղթ, աղքատություն, կամայականություն, անտերություն, ահա այն բոլոր արատները, որ բնութագրական են այս մարզին: Չնայած սովորաբար ընդունված է մատնացույց անել մարզկենտրոն հանդիսացող Գյումրիի խնդիրներն ու հոգսերը, բայց, ցավոք, Շիրակի մարզի պրոբլեմները ամենևին էլ Գյումրիով չեն ավարտվում, այլ միայն սկսում են: Ահավասիկ երկրորդ քաղաք Արթիկը, որ իրենից ներկայացնում է մարդկային հոգսերի խճճված կծիկ, որի ո՛չ սկիզբն է երևում, ո՛չ էլ վերջը: Նախ՝ ասենք, որ քաղաքում տիրում է բացարձակ պարապուրդ: Բանը հասել է նրան, որ անգամ տաքսի վարելն ու խոպան գնալն ի զորու չեն լուծել բնակչության անգամ մինիմալ խնդիրները: Փաստորեն՝ այստեղի վիճակն այնքան վատ է, որ անգամ արտագաղթելը չի փրկում մարդկանց: Ի դեպ արտագաղթի մասին. ամենավերջին ուսումնասիրոթյուններով՝ Հայաստանից արտագաղթողների թիվը շարունակում է բարձր մնալ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին օդային ճանապարհով երկրից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 11 հազար 509 մարդ, այսինքն՝ երկու ամսվա ընթացքում միայն Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով արտագաղթել է այդքան բնակիչ։ Համեմատության կարգով նշենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կրկին օդային ճանապարհով արտագաղթածների թիվը եղել է 11 հազար 546 հոգի։


Չմոռանանք նշել, սակայն, որ սա լոկ օդային ճանապարհով հեռացածների թիվն է, այնինչ՝ ավելի շատ են ցամաքային ճանապարհով հեռացողները, որոնց հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ կարծես ի հեճուկս ամեն ինչի՝ դեպի ՌԴ երթուղայիններով ուղևորափոխադրման գինը գնալով է՛լ ավելի է նվազում՝ ստեղծելով աննախադեպ բարենպաստ պայմաններ՝ ընդմիշտ լքելու հայրենի եզերքը. ի դեպ՝ արտագաղթի ծավալներով Շիրակի մարզն ամենամեծ ցուցանիշներ գրանցած բնակավայրերից է Հայաստանում:


Այսքանից հետո ձեզ մի տեսակ տարօրինակ չի՞ թվում, արդյոք, այն երևույթը, երբ ոմանք բառացիորեն«քյալլա են տալիս» ասենք նույն Շիրակի մարզը ղեկավարելու հնարավորությունը ձեռքներից բաց չթողնելու համար: Փաստորեն՝ պարզվում է՝ սույն պաշտոնն այնքան յուղոտ է, որ յուրօրինակ կռվախնձորի է վերածվել անգամ կուսակցությունների միջև. իրար «գլուխ են ջարդում», թե հատկապես ում ներկայացուցիչն է գործուղվելու սովալլուկ այս մարզ՝ ի կատար ածելու իր և կուսակցության նպատակները…
Ակնհայտ է, որ նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շատ անելիքներ ունի՝ Շիրակում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Բայց թե ինչպե՞ս է նա դա անելու, կարծում ենք, դեռևս պարզ չէ ոչ միայն մեզ, այլև իրեն, քանի որ ցանկացած քայլ անելու համար նախևառաջ փող է պետք, մի բան, որն այնքան չճարվող մի բան է դարձել Շիրակի մարզում:


Դավիթ Բաբանով