Սիրո՞ւմ եք գովազդներ դիտել. չնայած ինչ մի սիրելու բան է, որ դեռ մի բան էլ սեր տածեք սրանց հանդեպ: Բայց սիրենք, թե՝ ոչ, ըմբոշխնենք հեռուստատեսային գովազդին հատկացված անվերջ թվացող րոպեները, թե ձանձրույթից մեռնենք, փաստ է, որ դրանք մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում:

 

Սակայն եթե զուտ օբյեկտիվորեն գնահատելու լինենք, ապա պետք է ասենք, որ չափավոր գովազդը նույնիսկ երբեմն իր օգուտները բերում է. դրանց միջոցով կարելի է տեղեկանալ, թե, ասենք, ինչ նոր ապրանք է հայտնվել շուկայում, քաղաքի որ խանութում են գործում բացառիկ զեղչեր, որ ապրանքատեսակների մասով և այլն: Բայց մեր իրականության մեջ, ցավոք, հաճախ է պատահում այնպես, որ գովազդը դառնում է ոչ թե պարզապես բիզնես տեղեկատվության աղբյուր, այլ իսկական խաբկանքի է վերածվում՝ մոլորության մեջ գցելով հասարակ սպառողներիս:

 

Օրերս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պարզվում է, մի ամբողջ 5 միլիոն դրամով տուգանել է կենցաղային տեխնիկայի «Վեգա» խանութների ցանցին՝ անբարեխիղճ մրցակցության համար (հայտնի է, որ այս ընկերությունը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին):

 

Ինչպես ՏՄՊՊՀ-ն է իր մեղադրականում ձևակերպել, դեռ այս տարվա հունվարին «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, թե իր ողջ տեսականին վաճառում է ինքնարժեքով: Մինչդեռ անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խանութի կողմից վաճառվող ապրանքների գնի մեջ ներառված են եղել այդ ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային և բոլոր մյուս ծախսերն՝ ամբողջությամբ. իսկ դա արդեն ավելին է, քան պարզապես ինքնարժեքը:

 

Միգուցե այս լուրն ստանալուն պես ոմանց մոտ ստեղծվի թյուր տպավորություն, թե հանկարծ, բոլորովին անսպասելիորեն մեր երկրում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կարելի է նույնիսկ դարակազմիկ համարել. իշխանությունների հովանավորությունը կյանքով մեկ ըմբոշխնող գործարարը տուգանվել է թեկուզ ոչ մեծ, բայց գոնե սիմվոլիկ գումարով՝ ի տես մյուսների, ի տես իր նմանների՝ ստանալով շատ կոնկրետ ուղերձ՝ «վերևներից»:

 

Բայց, ցավոք, ստիպված ենք հիասթափեցնել ձեզ ու տեղեկացնել, որ արդարության՝ գոնե ինչ-որ կերպ վերականգնման համար դուք՝ հասարակներդ, պարտական եք պատգամավոր Էդմոն Մարուքյանին միայն, ում հետևողականության ու ջանքերի շնորհիվ էլ, խոշոր հաշվով, ՏՄՊՊՀ-ն կայացրել է իր «աշխարհացունց» վճիռը. այս տարվա փետրվարի 3-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այս մասին, և ՏՄՊՊՀ-ն, ըստ էության, վարույթը սկսել է հենց այս հայտարարության հիման վրա:

 

Այսքանից հետո հարց է առաջանում. ասենք մարդ ես, Մարուքյանն էր ու ֆեյսբուքյան իր էջի պատը որոշում էր զարդարել ոչ թե համապատասխան գրառմամբ (ժող.լեզվով ասած՝ ստատուսով), այլ, ասենք, այնտեղ զետեղում էր մի դյութիչ բնապատկեր, ի՞նչ է, ՏՄՊՊՀ-ականներից ոչ ոք այս գործին ընթացք չէ՞ր տալու արդյոք: Եթե Մարուքյանի փոխարեն ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեր, ասենք, սովորական մեկը՝ ոչ պատգամավոր, արդյոք դա սկզբիցևեթ կերաշխավորե՞ր գործի տապալումը…

 

Իհարկե, համարել, թե Ալեքսանյանն ազդվելու է՝ այդ տուգանքը կրելով, աներևակայելի միամտություն կլիներ. թեպետ բազմիցս են նրան պատկանող ընկերությունները տուգանքներ ու տույժեր կրել, սակայն նա երբեք չի դադարել իր սև գործն անելուց. պատգամավորին պատկանող բիզնեսները խախտումների շնորհիվ շատ ավելի մեծ շահույթներ են ստանում, քան տուգանքներն են, հետևաբար՝ որևէ կերպ չեն կարող զսպող ազդեցություն ունենալ:

 

Դավիթ Բաբանով