«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ չնայած Մասիսում քաղաքապետի առաջիկա ընտրությունները կլինեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, սակայն նախընտրական խժդժություններն արդեն սկսվել են և թեժ պայքար են խոստանում։ Ըստ թերթի՝ այս պահի դրությամբ խոսվում է 3 թեկինածուի մասին՝ գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի, «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդու և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանի մասին, ով սերտ հարաբերություններ ունի ՀՀԿ վերնախավի հետ։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վերջինս կտրականապես հերքեց, որ ինքը քաղաքապետ դառնալու մտադրություն ունի։

 

«Քաղաքապետ դառնալու նպատակներ չունեմ»,- ասաց Ավոյանը։ Հստակեցնող հարցին՝ առաջիկա ընտրություններում թեկնածությունը չի՞ առաջադրելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»։

 

Մեր հարցին՝ չի՞ ուզում քաղաքապետ դառնալ, Սևավ Ավոյանը փոքր-ինչ մտածեց, տարակուսեց, հետո պատասխան տվեց. «Դե որ ուզեի, կասեի՝ ուզում եմ»։

 

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետի աթոռի հավանական թեկնածուներից գործող քաղաքապետն ավելի ազնիվ գտնվեց և մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ցանկանում է կրկին դառնալ քաղաքապետ։ Սակայն, լինելով կուսակցական, կենթարկվի կուսակցության որոշումներին։