Հաղարծին վանական համալիրի տարածքում կարգուկանոնի պահպանությամբ կզբաղվի «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալությունը,  որը հիմնադրվել է 2006 թվականին: Այն համախմբել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների, որոնք միավորվել են անվտանգության նոր տիպի ծառայություն ստեղծելու գաղափարի շուրջ։

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց Տավուշի թեմից Սիրանույշ Միքայելյանը։ «Կտրոնների տրամադրմամբ, կարգուկանոնի պահպանմամբ, անվտանգության, ֆինանսական և այլ հարցերով զբաղվելու է «Պանտերա» ընկերությունը»,- ասաց նա։ 

 

Հիշեցնենք, որ անցած տարի այս գործակալության աշխատակիցներից մեկի հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել։ Մասնավորապես՝ «Պանտերա» անվտանգության գործակալության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին անցած տարվա օգոստոսին մի խումբ անձինք ծեծի էին ենթարկվել։ Խոցանյանը ստացել էր դիմածնոտային ծանր վնասվածքներ: Նրան ծեծի ենթարկելու գործով ոստիկանություն էր ներկայացել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին՝ Հարություն Թանգմանյանը, ով ինքնախոստովանական բացատրություն տալուց հետո ազատ էր արձակվել: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ բացի ոստիկանության պաշտոնյայի որդուց, միջադեպին մասնակցել են նաև հարկայինի և օդանավակայանի աշխատակիցներ, և հենց դա է պատճառը, որ գործի վարույթը փոխանցվել է ՀՔԾ-ին:

 

Վերադառնալով Հաղարծին վանական համալիրում վճարովի ավտոկայանատեղիների հարցին՝ նշենք, որ տվյալ տարածքում կայանելու համար հատկացվող ՀԴՄ կտրոնի վրա նշված է Տավուշի թեմ, ինչը ևս տարընթերցումների առիթ է տվել։ Այս առնչությամբ Սիրանույշ Միքայելյանն ասաց՝ քանի որ տարածքը պատկանում է Տավուշի թեմին, այդ իսկ պատճառով տրամադրվելիք կտրոնի վրա նշված է Տավուշի թեմ։ 

 

Լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանը։

 

 

Հիշեցնենք, որ Հաղարծինի տարածքում վճարովի ավտոկայանատեղիների ստեղծման հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել։ Այդ առնչությամբ Տավուշի թեմից Սիրանույշ Միքայելյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ դա արվում է տարածում կարգուկանոն հաստատելու, վթարներից և գողություններից խուսափելու համար։ 

 

Հարկ է նշել նաև, որ Հաղարծին վանական համալիրը Դիլիջանի քաղաքապետարանի հետ մեկ տարով պայմանագիր է կնքել՝ տարածքում տեղադրված երկու աղբամանները մաքրելու համար։ Այս մասին մեզ տեղեկացրին Դիլիջանի քաղաքապետարանից և հավելեցին, որ ամբողջ տարածքի մաքրությամբ չեն զբաղվում, այլ երկու աղբամանների, որոնք տեղադրված են համալիրում։ Քաղաքապետարանին այդ ծառայության դիմաց Տավուշի թեմը կվճարի ավտոկայանատեղիների 300 դրամ վարձավճարից։

 

Քրիստինա Աղալարյան