ՕԵԿ փոխնախագահ, գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի լսել, որ Գյումրիում ընտրակաշառք բաժանեն:

«Ես օր ու կես է Գյումրիում եմ, նման դեպքի չեմ հանդիպել: Երեկ ամբողջ օրը բացակայել եմ Գյումրիից՝ իմ ընկերոջ տղայի ուրախությանն եմ եղել, նրա զավակի հարսանիքին եմ մասնակցել, էսօր էլ էլի մասնակցելու եմ տերընդեզին»,-ասաց Մարգարյանը: Նա վստահեցրեց նաեւ, որ ՕԵԿ-ը պայքարելու է եւ անելու է այնպես, որ ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ:

«Ես ուզում եմ, սիրելիներս, ընտրությունն ազատ է... ՕԵԿ-ը՝ մենք, ամեն ինչ անում ենք, դուք էլ կտեսնեք եւ ժամանակին տեսել եք, որպեսզի հնարավորինս արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Հիմա ես չեմ տեսնում ինտրիգներ Գյումրի քաղաքում, չկա լարվածություն»:

Հովհաննես Մարգարյանը եւ Գյումրու ՕԵԿ գրասենյակը բավականին ակտիվ աշխատում էին 2008 թ.-ի ընտրությունների շրջանում: Իսկ այն ժամանակ Գյումրիում ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանու՞մ էր, թե՞ ոչ: ԳԱԼԱ-ի այս հարցին ՕԵԿ պատգամավորը պատասխանեց.

«2008 թ-ի ընտրություններին ՕԵԿ-ը ոչ միայն գնահատականներ տվեց, այլեւ դիմեց ՍԴ:

Եվ արդյունքում, քրեական գործեր հարուցվեցին: Ես, ինչքան գիտեմ, չորս անգամ եմ այդ հարցով մտել դատարան եւ չորս անգամ էլ դատը շահել եմ: Ինչ եմ ուզում ասել՝ ես ընդհանուր ընտրությունների արդյունքներից չեմ խոսում, ես խոսում եմ, որ տեղեր է եղել, որ խախտումներ եղել են»:

Հովհաննես Մարգարյանը 2008 թ-ի նախագահական ընտրություններին ընդհանուր գնահատական տալուց խուսափեց, բայց ասաց, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է ընտրվել:

«Նա դարձավ լեգիտիմ նախագահ եւ չգիտեմ որեւէ եվրոպական կազմակերպություն, որը տվել է ընտրությունների արդյունքների հետ կապված կոշտ գնահատական: Իհարկե, մենք ասել ենք, որ խախտումներ եղել են, բայց ասել, որ բոլոր ընտրությունները խախտումներով են եղել... որ այդպես լիներ, մենք չէինք կարողանա Գյումրիում էդքան ձայն տանեինք»:

Հովհաննես Մարգարյանն ասաց նաեւ, որ 2008-ին ընդդիմադիր թիմերն այնպես են աշխատել, որ ընտրությունները կեղծել չեն կարողացել: «Բարդ ընտրություններ էին, եւ կային թիմեր, որ աշխատում էինք, որ չկեղծեին ընտրությունները: Շնորհավորում եմ նաեւ ԳԱԼԱ-ին, ողջունում եմ ԳԱԼԱ-ին՝ էն ժամանակ ձեր տեսախցիկը թաղից թաղ շրջում էր, բայց հիմա չեմ տեսնում այդպիսի բաներ: Մենք պայքարեցինք, բնականաբար թույլ չէինք տա, որ ընտրությունները կեղծվեին եւ դուք հիշում եք՝ ինչպես աշխատեց ՕԵԿ-ը, ամեն ինչ արեց ՕԵԿ-ը»:

ԳԱԼԱ-ի թղթակիցը հարցրեց նաեւ, թե ՕԵԿ-ը ու՞մ դեմ էր պայքարում, որ չկեղծեին, ո՞վ էր կեղծողը: Սերժ Սարգսյանի օգտի՞ն էին գումար բաժանում:

Հովհաննես Մարգարյանը պատասխանեց.

«Ես, ճիշտն ասած, ոչ հիշում եմ, ոչ էլ կարող եմ անդրադառնալ: Ես որեւէ անձի չեմ ասել, որ որեւէ անձ գումար է բաժանել, չի լինի մի ձայնագրություն, որ ասեմ»:

Ստորեւ ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի 2008 թ.-ին արված մի ձայնագրություն, որտեղ ՕԵԿ պատգամավորը բողոքում էր, որ ՕԵԿ գրասենյակի հեռախոսները անդադար ահազանգեր են ստանում եւ որ բողոքում են ընտրակաշառքից: