ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնական կայքը, հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում պետքարտուղար Քերին մտահոգություն է հայտնել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության դեպքերի առնչությամբ:

 

«Մենք ցանկանում ենք տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով, որոնց վրա մենք բավականին երկար աշխատել ենք»,- Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարել է Ջոն Քերին:

 

Նա կարևորել է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիմնված համապարփակ լուծման հասնելու համար կողմերի հետ աշխատելու ԱՄՆ-ի հանձնառությունը:

 

Քերի-Ալիև հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային գազային միջանցք ծրագրին, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Եվրոպա, ՆԱՏՕ-ի առաքելություններում Ադրբեջանի մասնակցության հարցին, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար: