ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ոտքը կոտրել է, այժմ գտնվում է հիվանդանոցում։ «Ձյուն մաքրելուց ոտքս կոտրել եմ, հիվանդանոցում եմ, գիպս են դնում»,- ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց պատգամավորը։ Լյովա Խաչատրյանին՝ որպես կոլորիտային մարդ և պատգամավոր, զանգահարել էինք ապրիլմեկյան հետաքրքիր պատմություններ լսելու նպատակով։ Սակայն, լսեցինք հակառակը, պատգամավորը ոտքը կոտրել է, հիվանդանոցում է։

 

Մենք, իհարկե, հավատացինք նրան՝ մոռանալով, որ այսօր ապրիլի մեկն է ու խոսակցության ավարտին մաղթեցինք առողջություն և շուտափույթ ապաքինում։ «Ապրիլի 1-ը բոլորի համար է, թեթև տարեք»,- կատակեց պատգամավորը։ Այ քեզ ապրիլմեկյան դաժան կատակ:

 

Մեզ «խաբելուց» հետո, պատգամավորը պատմեց, որ այսօր արդեն հասցրել է նշել Հումորի օրը և իր ապրիլմեկյան կատակն արել է. «Այսօր մեր կուսակցական ընկերները գնացել են Գեղարքունիքի մարզ՝ կուսակցական գրասենյակներ բացելու։ Մի կես ժամ առաջ զանգահարեցի Զոհրաբյանին, ժողովի էր, ասացի, որ նրանք Սևանի ճանապարհի վրա վթարվել են ու բոլորը «վարի են գնացել», ես գնում եմ էնտեղ։ Ասեց՝ վայ-վայ ու ժողովը թողեց դուրս եկավ։ Հելավ, վազելով գնում էր։ Հետո հիշեց, որ ապրիլի 1-ն է ու երևի հետ է գնացել»,- պատմեց պատգամավորը։ Խաչատրյանը չի կարծում, որ դաժան հումոր է արել. «Հումորը դաժան չի լինում, հումորը լինում է հավաստի»։

 

Նշենք, որ ապրիլի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Ծիծաղի օրը (April Fools' Day- All Fool's Day): Այդ օրն ընդունված է խաբել հարազատներին, ընկերներին կամ պարզապես ծանոթներին՝ ծիծաղ պարգևելու նպատակով: