Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ
Պարոն Բոստանջան, եթե անդրադառնանք տնտեսական հարցերին, ապա այս տարվա համար իշխանություններն արդեն մոտ 6 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում: Որքանո՞վ է դա իրատեսական և ի՞նչ պետք է անել այդ աճի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Դա իսկապես լինելու է, չկասկածեք: Ես ոչ թե արդարացնում եմ իշխանություններին, այլ տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ակնհայտորեն ունի այն պոտենցիալը, այն ներուժը, որն ի զորու է այդ աճն ապահովել: Իսկ ինչ վերաբերում է որակական բաղադրիչին, այո, դա այդպես կլինի, որովհետև արդեն գործունեության մեջ են մտնում արդյունաբերության զարգացման և բարձր տեխնոլոգիաների զարգացման մի քանի ինստիտուտներ, որոնք առաջվա նման շինարարություն չեն: Դրանք զարգացման այնպիսի ուղղություններ են, որոնք, եթե իսկապես զարգանան, աշխատատեղերի առումով, եկամուտների բարձրացման առումով ակնհայտորեն կլինի ավելի ցանկալի վիճակ, քան մինչև հիմա ունեցել էինք: Ես հավատացնում եմ, որ մոտ ապագայում դա տեսանելի է: Նվնվալը, փնովելը վատագույն մոտեցումն է: Ես հասկանում եմ, որ մենք չենք գտնվում զարգացման լավագույն տիրույթում, բայց բոլոր դեպքերում դա ոչ միայն պայմանավորված է իշխանությամբ ու առանձին մարդկանցով, դա պայմանավորված է նաև մեզանով: Մենք պետք է աշխատենք՝ մեծացնելու պատրաստակամությունը և ընդհանրապես գործին նվիրվելու ցանկությունը: Այս ամեն ինչի պարագայում հաստատ կարելի է հասնել հաջողության: Մենք մեթալիտետով շատ լավն ենք, բայց միևնույն ժամանակ շատ նվնվան ժողովուրդ ենք, աշխատելու, ստեղծելու, արարելու փոխարեն ավելի շատ հակված ենք մեր ուժերը փոշիացնել վատ իրավիճակները նկարագրելու վրա:
Այս փուլում քննարկվում է ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հարցը: Հնարավո՞ր է, որ դա խոչընդոտվի, քանի որ արդեն նման խոսակցություններ կան:
Ես հասկանում եմ, որ չի կարող չթափանցել: Դա տեղի կունենա: Միայն կան, այսպես ասած, ընդերքային բախման տիպի բաներ: Եվ դա բնական է, էդպես պետք է լինի: Բոլոր այն սուբյեկտները, որոնք տվյալ տիրույթում ունեցել են գործունեություն և գործունեության ծավալ, բնականաբար նոր մուտքի պարագայում պետք է իրենք որոշակիորեն զիջեն: Իսկ ընդհանրապես տնտեսական մրցակցության պայմաններում, օրինական կամ ոչ օրինական, միշտ այդ բախումները սպասելի են: Բայց բոլոր դեպքերում, «Կարֆուրի» մուտքը կասեցնել հնարավոր չէ, կմտնի Հայաստանի շուկա:
Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ տարեվերջին կատարված հարկային փոփոխությունները, որոնցով հարկային բեռի ավելացում է եղել: Ի՞նչ կտա դա մեր բյուջեին:
Հայաստանի Հանրապետությունն այս ամբողջ ազատականացման ժամանակահատվածում, լիբերալիզմի ընթացքում ունեցել է սուղ հնարավորություններ: Անկախ այն հանգամանքից, որ ամենամյա բյուջեների կտրվածքով և արտաքին պարտքի հաշվին մենք փոքր-ինչ բարձրացնում ենք մեր ծախսերը, բայց հիմնկանում դա պետք է տեղի ունենա քո սեփական եկամուտների շնորհիվ: Հայաստանը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով՝ 16-17 տոկոսի շրջանակներում է, այն դեպքում, երբ զարգացած երկրներում դա հասնում է 30-45 տոկոսի: Մենք պետք է սեփական եկամուտների մակարդակը բարձրացնենք, ինչը հնարավոր է անել հիմնականում հարկերի միջոցով: Ճանապարհներից մեկը դրույքաչափերի բարձրացումն է: Որպեսզի դրույքաչափերը չբարձրանան, պետք է նորմալ կատարվեն հարկային պարտավորությունները, այսինքն՝ ստվերային տնտեսություն չունենանք: Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական ոչ միանշանակ իրավիճակում, մենք ունենք հակառակորդ, պաշտպանվելու հրամայական: Այդ պարագայում պետք է ունենանք նաև միջոցներ պաշտպանվելու: Հիմնական փողն այդտեղ ենք ուղղում և սոցիալական հատված: Բայց այդքանով հանդերձ, մենք դեռևս չենք գտնվում ցանկալի վիճակում: Դա պարտադրում է վարչարարության կատարելագործում, ինչպես նաև հարկային բեռի բարձացում:
Բայց դա չի նշանակում, որ փոքր ու միջին բիզնեսի հաշվին պետք է տեղի ունենա այդ բարձրացումը: Այս փուլում հարկերի բարձրացումից դժգոհում է փոքր ու միջին բիզնեսը, դա նորմա՞լ է:
Ես այս ամենի վերաբերյալ ակնհայտորեն չեմ կարող հակառակ կարծիքն արտահայտել: Ես էլ այդ կարծիքին եմ, դա այդպես է: Փաստորեն, փոքր ու միջին բիզնեսն ամբողջ աշխարհում ձևավորում է եկամուտների 70-75 տոկոսը: Փոքր ու միջին բիզնեսը միայն եկամուտների ձևավորման տեղամաս չի, դա ինստիտուտ է, որն ուղղակիորեն հոմանիշ է դառնում միջին խավի հետ: Միջին խավը հասարակության ճնշող այն մեծամասնությունն է, որը որոշում է տվյալ երկրի դեմքը, նրա ապրելու մակարդակը, բարեկեցության չափը: Բոլոր պարագաներում, փոքր ու միջին բիզնեսը վտանգելը նշանակում է վտանգել միջին խավի գոյությունը, վտանգել արժանավայել ապրելու հեռանկարը: Դա այդպես է, Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի առումով մենք ունենք շատ տխուր վիճակ: Որքան էլ որ ուզենան նկարագրել, թե իբր մենք էդ ոլորտում ձեռքբերումներ ենք ուզում գրանցել, իրականում այդպիսի բան գոյություն չունի: Միաժամանակ, յուրաքանչյուր անձ պետք է պետության առաջ իր պարտավորությունները պատշաճ կատարի: Եթե մենք խոսում ենք խոշորի մասին, դա չի նշանակում, որ խոշորի մոտ հարկային ինստիտուտը պետք է ավելի անարդարացի կամ ավելի ուրիշ ձև լինի: Տնտեսական քաղաքականությունն առաջին հերթին պետք է ապահովի արդարացիություն և պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր գործունեություն են ծավալում: Երբ չի լինում իմ ասած պայմանները, բնականաբար հասարակության մի ստվար զանգված գտնվում է ծանր վիճակում, ինչի լուծումներից մեկը հենց տվյալ պարագայում դարձել է արտագաղթը: Իսկ սարսափելի քիչ տոկոս մարդիկ տիրապետում են հարստության հիմնական մասին:
Մյուս կողմից, մենք այս հարկերի բաձրացումը չպետք է լարվածություն ընկալենք: Ուրեմն մենք բարոյահոգեբանորեն խոցելի կերպարներ ենք, որովհետև երկար տասնամյակներ շարունակ կենտրոնացված կառավարման պարագայում մենք սովորել ենք պարտավորություն չունենալու ինստիտուտին: Հիմա սա մեր առանձին երկիրն է, ինքնիշխան պետություն է: Վերջը մենք պե՞տք է պահենք մեզ ու մեր երկիրը: Մեր հասարակությունը հակված չէ իր պարտավորությունների կատարմանը: