ICIJ-ի լրագրողները հայտնաբերել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օֆշորներում ընկերություններ ունի՝ ոսկու արդյունահանման ու լոնդոնյան անշարժ գույքի ոլորտներում իր մասնաբաժինը քողարկելու համար: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

 

Ալիևի բարեկամներն օգտագործել են Պանամայի տարածքում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները, որպեսզի քողարկեն ոսկի արդյունահանող ընկերություններում ու անշարժ գույքի շուկայում նրա մասնաբաժինը: Այս մասին ասվում է լրագրողական հետաքննությունների միջազգային կոսնսորցիումի (ICIJ) մամուլի հաղորդագրության մեջ:

 

Կոնսորցիումի տրամադրության տակ են հայտնվել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որին կասկածում են ակտիվների տերերին թաքցնելու համար կեղծ ֆիրմաներ ու կորպորատիվ կառույցներ ստեղծելու մեջ: Մամուլի հաղորդագրությունում ճշտված չէ Ալիևների ընտանիքի սեփականության կառուցվածքը, բայց Ադրբեջանի նախագահն արդեն երեք տարի առաջ էր հայտնվել ICIJ–ի ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ լրագրողները բացահայտնել էին, որ նա ու նրա ընտանիքը գաղտնի օֆշորներ ունեն:

 

Ըստ փաստաթղթերի, որոնք որոնք հայտնվել են ICIJ–ի տրամադրության տակ, Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբանը, 2003թ. գնել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը։ Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը, ով նշվել է որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ արդեն երկրի նախագահ: ICIJ-ի տվյալներով՝ ընկերությունը օրինական իրավաբանական կարգավիճակ է ունեցել մինչև 2004-ի մայիսը: Փաստացի Ալիևը խախտել է պատգամավորներին ու նախագահին բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը, պարզաբանել են իրավաբանները:

 

ICIJ-ի տվյալներով՝ 2008-ին Ալիևի դուստրերը՝ 19-ամյա Արզուն ու 23-ամյա Լեյլան, ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները այդ նույն Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Առաջինն իբրև գրանցված է եղել Արզուի անունով, իսկ մնացածը՝ Լեյլայի: Գործարքը կնքվել է նախագահի պաշտոնում Ալիևի վերընտրվելուց երկու ամիս անց:

 

Ըստ ICIJ-ի տեղեկությունների՝ Ադրբեջանի ղեկավարությունն, ըստ երևույթին, բավականին ջանքեր էր գործադրել այդ ընկերությունների գոյության փաստը հասարակությունից թաքցնելու համար: