Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, հետախույզ Սասուն Մկրտչյանի հոգեհանգտի արարողությունը: Հերոսին վերջին հրաժեշտը տալու էին եկել մի խումբ պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ, նրա ծառայակիցները, հարազատները, ընկերներն ու հարյուրավոր քաղաքացի ներ:

 

 

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից Ռադիկ Սամոյանն ընդգծեց, որ Սասունը Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցի ընտանիքի ժառանգ էր: «Այսօր դժվար թե որևէ մեկը կարող է կասկածել, որ Սասունը չէր ցանկանում լինել այն տղաներից մեկը, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են իրենց հայրենիքը, Արցախը, որովհետև Սասուն գնալու ճանապարհն Արցախով է անցնում: Կեցցեն այն տղաները, ովքեր պահում են մեր սահմանները: Հազար ափսոս, որ երիտասարդներ են զոհվում, ափսոս, որ մենք այդպիսի զինվորներ ենք կորցնում: Բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու համար զոհեր տալու համար, կարծում եմ, մենք չպետք է կախենք մեր գլուխները: Մի ժամանակ մենք էինք պաշտպանում, հիմա էլ մեր երեխաներն ու ժառանգներն են անում մեր կիսատ թողած գործը: Սասունն իր վրեժը լուծում էր, բայց դա անում էր՝ խաղաղություն ցանկանալով: Ոչ մի հայ ընտանիք պատերազմ չի ցանկանում, բայց մենք կարող ենք առ Աստված երդվել, եթե որևէ պահ լինի, որ ազգովի պետք է կանգնած լինենք, դա կլինի: Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,- նշեց Սամոյանը:

 

 

Սասունի հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա 27 տարեկան էր, ծառայել է բանակում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության: «Նա Արցախում էր ծառայում, ծառայության ընթացքում աչքի էր ընկել ու տեղափոխվել հատուկ ջոկատ: Նա մեծ հարգանք էր վայելում թե ընկերության, թե հարազատության, թե ծառակիցների շրջանում: Շատ հայրենասեր տղա էր, դրա համար էլ չհրաժարվեց զինվորական համազգեստից և շարունակեց ծառայությունը. հենց այդ հագուստով էլ զոհվեց»,- ասաց Մկրտչյանը:

 

 

Նա հավելեց, որ վերջին անգամ Սասունի հետ խոսել է ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 12:00-ի սահմաններում: «Այդ ժամանակ նա նոր էր դիրք բարձրացել: Հարցրեցի՝ ո՞նց է վիճակը, պատասխանեց՝ հոպար, ամեն ինչ լավ է: Ես ասացի՝ գլուխդ ցածր պահի, նա խնդաց, սկսեց ինձ ձեռ առնել, իսկ այսօր կյանքը տվեց հայրենիքի համար»,- եզրափակեց նա: