Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելորդ հիշեցում է դարձել Եվրոպայում անկայունության մասին, գրում է The Guardian-ը:

 

 

Եվրամիության ուշադրությունը սևեռված է Սիրիայի պատերազմի, փախստականների ճգնաժամի և ԴԱԻՇ-ի զինյալների կողմից ահաբեկչական սպառնալիքի վրա: Արնահեղության անսպասելի բռնկումը, որը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, տհաճ ցնցում էր եվրոպացի առաջնորդների համար, գրում է The Guardian-ը:

 

 

Պարբերականը նշում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միանգամից շտապեց կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին հետևել հրադադարի ռեժիմին ու վստահություն ցուցաբերել ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող Մինսկի գործընթացի նկատմամբ: Նրա խոսքերին միացան նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

 

Եվրոպացի առաջնորդներն ամենևին էլ շահագրգռված չեն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ հերթական արնահեղությամբ, նշված է հոդվածում:

 

 

Հոդվածագրի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարելի է հանդարտեցնել, գոնե որոշ ժամանակով: Սակայն հաշվի առնելով այն, որ հակամարտության ելքից են կախված բազմաթիվ երկրների հետաքրքրություններ, չպլանավորված էսկալացիայի վտանգն ակնհայտ է: Պարբերականը եզրակացնում է, որ բավական բարձր է ռիսկը, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: