Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լեգենդներ են պտտվում Հայաստանի զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի և մարտական ու հոգեբանական պատրաստվածության մասին: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ապրիլի 5-ի գիշերն է վերադարձել ԼՂՀ-ից: «Եվ այդ լեգենդները պտտվում են ոչ թե որպես PR գործիք, այլ դրանք հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել կոնկրետ վայրերում, կոնկրետ ժամի ու կոնկրետ մարդկանց կողմից: Մարտական ուղի անցած հրամանատարներն ասում են, թե դժվար է գիտակցությամբ հասկանալ, թե ինչ սիրտ և հոգի պետք է լինի 18-20 տարեկան այդ տղաների մեջ, որ նրանք անհողդողդ կանգնում են մի քանի անգամ թվաքանակով իրենց գերազանցող հակառակորդի առաջ ու հետ շպրտում նրանց կամ կռվում մինչև արյան վերջին կաթիլը: Սա թերևս ամենահզոր գործոններից մեկն է, որ Իլհամ Ալիևին թույլ չի տվել իրականացնել իր բլից կրիգը և տարածքներ օկուպացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից»,- նշեց Փաշինյանը:

 

 

Փաշինյանը հավելեց, որ ինքն այսօր ամբիոն է բարձրացել Արցախի բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով: «Նրանք ինձ խնդրել են Ազգային ժողովի ամբիոնից իրենց առաջին հերթին կսկիծի, երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի և Երևանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին և մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ, այդպիսի զինվորներ ու զավակներ են դաստիարակել»,- եզրափակեց Փաշինյանը: