Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով։
Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ «Յանուս» թատրոնի ղեկավար Մխիթար Մոս Մուշեղյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ հանգեցրել են մահվան։
Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Անի Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մուշեղյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։ Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն զանգահարած՝ «Յանուս» թատրոնի ղեկավար Մխիթար Մոս Մուշեղյանը պնդում է, որ այս ամենը մի քանիսի կողմից շատ լավ կազմակերպված սցենար է։ «Սա հանցավոր խմբի կողմից շատ լավ կազմակերպած էր, որի անդամներից մեկն իմ նախկին դերասանուհի, գործով վկա Աննա Միսակյանն է։ Նա կարողացավ ինձ ներգրավվել այս խաղի մեջ, որը նախապես ծրագրավորված էր։ Պետք է ասեմ, որ կան էական հակասություններ Անի Մաջնունյանի մահվան ժամի հետ, որը չի համապատասխանում իմ՝ այնտեղ եղած ժամին։ Տեսախցիկներով ես կարողանում եմ ապացուցել, որ օրինակ՝ ես այդ տանը եղել եմ փորձաքննությունից 33-34 ժամ առաջ, իսկ փորձաքննությունն ասում է, որ մահը վրա է հասել շուրջ 24 և ավելի ժամ առաջ»,- ներկայացրեց Մուշեղյանը։
Հարցին՝ թե իր նախկին դերասանուհի Աննա Միսակյանն ի՞նչ դրդապատճառներ է ունեցել իր դեմ ցուցմունք տալու կամ այս ամենը կազմակերպելու համար, Մխիթար Մուշեղյանն ասաց՝ իրենք բացի դերասան-թատրոնի ղեկավար հարաբերություններից, նաև անձնական հարաբերություններ են ունեցել: Ըստ այդմ՝ խանդի հողի վրա սպանություն կատարելու, կազմակերպելու կամ դրան մասնակցելու և իր դեմ ցուցմունք տալու վարկածը Մուշեղյանը հերքեց։
«Ես չեմ կարծում, որ խանդի հողի վրա կարելի է մարդուն այս վիճակի մեջ գցել։ Սա խանդ չէ, մի քիչ ավելի հեռուն գնացող պլաններ են եղել, ինչը վստահ եմ՝ չի ստացվել։ Եթե ստացվեր, հիմա իմ վիճակն էլ, իր վիճակն էլ, այլ պետք է լիներ։ Հարցն այն է, որ մարդիկ, ովքեր իրեն պատրաստել են, այնքան էլ լավ չեն պատրաստել կամ թքած են ունեցել իր հետագա ճակատագրի վրա, քանի որ Աննան իր իսկ տված ցուցմունքներով շուտով կհայտնվի ճաղերի ետևում։ Ես ինձ համար էական բացահայտումներ արել եմ, որոնք շուտով կներկայացնեմ»,- ասաց նա։
Մուշեղյանը շեշտեց, որ ինքն առաջիկայում բացահայտումներ կանի, սակայն մինչ այդ պետք է կապի դուրս գա Անի Զախարյանի և սպանված Անի Մաջնունյանի նախկին ամուսին, սև մոգ Գաբրիել Փանյանի հետ։ «Զարմանալի է Անի Զախարյանի ներկա պահվածքը։ Հարցեր կան, որոնք պետք է ես քննարկեմ։ Իմ քրեական գործով կան ցուցմունքներ, որոնք ես պետք է նրանց հետ քննարկեմ։ Կան անուններ, որոնց ես կապում եմ այս անձանց հետ։ Ոչ թե կապում եմ այն առումով, որ գուցե նրանց մատն է խառն այս գործին, այլ՝ միգուցե նրանք կարողանան գործին օգնել։ Օրինակ՝ Գաբրիելի դեպքում ես զարմանում եմ, որ նա նույնիսկ չի փորձել ինձ հետ կապի դուրս գալ, որովհետև խոսքը նրա նախկին կնոջ մասին է»,- հայտնեց էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը։
Նշենք, որ Անի Մաջնունյանի սպանությունից օրեր հետո նրա նախկին ամուսին Գաբրիել Փանյանը լրատվամիջոցներով անընդհատ հարցազրույցներ էր տալիս, ասում էր, որ ինքը նախաքննական մի շարք գաղտնիքներ գիտի և այլն։ Հարցին՝ ինչպե՞ս կարող է Գաբրիել Փանյանը տեղյակ լինել սպանության նախաքննական գաղտնիքներից, Մուշեղյանը զարմանալի պատասխան տվեց. «Պայմանավորված էր նրանով, որ նա հարբած հարցազրույցներ էր տալիս։ Ես երբ իրեն հարց եմ ուղղել, թե ինչ է նշանակում իր այն ասածը, թե ինձ էլ են սպանելու, նա ասել է՝ հարցազրույցը տալու ժամանակ հարբած եմ եղել։ Խորհուրդ կտայի՝ քիչ հարբեր»։
Մխիթար Մոս Մուշեղյանը վերջում հավելեց, որ ինքը Գաբրիել Փանյանի և Անի Զախարյանի հետ հանդիպխումից հետո միգուցե կարողանա հստակ անուններ նշել։
Քրիստինա Աղալարյան