Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններն առանց Ղարաբաղի, անիմաստ է։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այդ ֆորմատը լիարժեք չէ։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

 

«Մինչև այդ ֆորմատը լիարժեք չդառնա, բանակցությունները հաջողության չեն կարող բերել։ Ղարաբաղի ներկայացուցիչները ևս պետք է մասնակցեն բանակցություններին, դա շատ կարևորագույն գործոն է։ Ոչ միայն մենք ենք պարտավոր եզրակացություններ անել այս ամենից, այլև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Անիմաստ է երկար բանակցություններ անել, եթե ձևաչափը ճիշտ կամ լիարժեք չէ»,- ասաց քաղաքագետը։ Գրիգորյանը վստահ է՝ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ։

 

Քաղաքագետի խոսքով՝ երբ 1994 թվականին հրադադարի պայմանագիր կնքվեց, դրա տակ ստորագրեցին Ղարաբաղի իշխանությունները և ՀՀ պաշտպանության նախարարը։ «Այսինքն՝ մենք կարողացանք զինադադար կնքել, քանի որ դրա տակ ստորագրել էին ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները, այլև Ղարաբաղի իշխանությունները։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ հաջողության հասնել, ապա ցանկացած փաստաթղթի տակ պետք է լինի Ղարաբաղի լիազոր ներկայացուցչի ստորագրությունը։ Ղարաբաղը պետք է դառնա գործընթացի լիարժեք անդամ»,- ներկայացրեց Ստեփան Գրիգորյանը։

 

Ըստ նրա՝ եթե Ղարաբաղը չդառնա բանակցային գործընթացի լիարժեք անդամ, մենք և միջազգային հանրությունն անընդհատ կանգնած կլինենք մարտահրավերի առաջ, որը կոչվում է պատերազմ։ «Անընդհատ մենք կունենանք իրավիճակ, երբ պատերազմի հավանականությունը կաճի ու կաճի։ Ի վերջո այս վերջին իրադարձությունները, Ադրբեջանի ագրեսիան հենց Ղարաբաղի դեմ պատահականություն չէ։ Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերջնագրերով է խոսում, որ այնտեղ հակահայկական հիստերիա է»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Գրիգորյանի խոսքով՝ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը ոչ միշտ են հասկանում՝ ինչ պետք է անել. «Նրանք անում են ահռելի աշխատանք, սակայն չեն անում ամենակարևորը։ Այն է՝ Ղարաբաղը չկա բանակցային գործընթացի մեջ։ Ես լավ հիշում եմ, որ մեկ-երկու ամիս առաջ բավական օպտիմիստորեն խոսում էր ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ։ Կարող է՝ ինքը ուզում է, որ ամեն ինչ լավ լինի, բայց պետք է հասականան՝ ում հետ գործ ունեն։ Օպտիմիստական հայտարարություններ անելու փոխարեն ավելի լավ է ձևաչափը փոխել և համապատասխանեցնել ռեալությանը։ Այժմ ձևաչափը հետևյալն է՝ համանախագահները միջնորդ են, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային կողմեր։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Հիմա Ադրբեջանն ու՞մ դեմ է կռվում, իրենք չհարձակվեցին հայ-ադրբեջանական սահմանի վրա, այլ Ղարաբաղի սահմանի։ Միջազգային հանրությունը ղարաբաղյան հարցի ձևաչափը պետք է համապատասխանեցնի իրականությանը»։


Հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց 1996 թվականին։ 1994 թ. մայիսյան զինադադարից հետո ողջ բնակչությունը լծվեց պետականաշինության գործին, սկսեցինք բուռն կերպով աշխատել բոլոր ուղղություններով: Արցախը հանդես էր գալիս որպես լիիրավ կողմ բանակցություններում, բայց ցավոք այդ շրջանը կարճ տևեց: Նշվում է, որ Ղարաբաղին բանակցային գործընթացներից դուրս թողնելու մեջ մեղավոր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


Քրիստինա Աղալարյան