«Հզոր» կառույց է, չէ՞, ԵԱՀԿ Մինսկի խումբը, բավականին «լուրջ» գործերով է զբաղվում ու «լուրջ» հարցեր լուծում: Օրինակ՝ տեսեք, թե ինչպիսի լուրջ հարց է լուծել երեկ. Մինսկի խմբի անդամ երկրները երևի թե երկար մտածելուց-քննարկելուց հետո եկել են դարակազմիկ եզրակացության ու հայտարարություն արել, թե ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պատկերացնո՞ւմ եք, իսկ մենք այդ մասին չգիտեինք, նախկինում չէինք լսել և միայն նրանց հայտարարությանն էինք սպասում: Հիմա հանգիստ կարող ենք ապրել, քանի որ հարցը լուծված է...

 

Իսկ եթե սարկազմը դնեմ մի կողմ, ապա այս խմբի գործունեությունը կարող եմ որակել որպես ամենաանպտուղ ու անիմաստ գործունեություն: Եկեք փորձենք հիշել, թե իր գոյության առաջին օրվանից Մինսկի խումբն ինչ բնույթի հայտարարություններ է արել: Փորձենք և կտեսնենք, որ միշտ արել է նույն հայտարարությունը, արդեն տարիներ շարունակ նրանք «երգում են նույն երգը», որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, ու տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից խախտվում է հրադադարի ռեժիմը: Մինսկի խմբի անդամ երկրները հիանալի գիտեն, որ ռեժիմը խախտողն Ադրբեջանն է, սակայն երբեք ոչ մի խոսք այդ մասին: Դրա փոխարեն տարեկան մի քանի անգամ կրկնում են նույն հայտարարությունը՝ հակամարտության ռազմական լուծում չունենալու մասին: Եվ ի՞նչ է դրանից փոխվում. իհարկե, ոչինչ էլ չի փոխվում, որոշ ժամանակ անց Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունը և այդպես մինչև հաջորդ հայտարարություն:

 

Այնպես որ՝ զգոնությունը ոչ մի դեպքում կորցնել պետք չէ, որովհետև մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ արժեք ունի Մինսկի խմբի հայտարարությունը, և առհասարակ տեսնում ենք հարցի լուծման այս ձևաչափի անարդյունավետությունը:

 

Կարեն Վարդանյան