ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի' Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել՝ չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ' ապրիլի 7-ին Բաքվում Իրանի և Ադրբեջանի իր գործընկերներ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ադյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը' նշելով, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»: Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռարկել, որպեսզի այլևս բռնության դրսևորում թույլ չտրվի ԼՂ-ում:

 

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները գոհունակություն են հայտնել ԼՂ-ում զինադադարի հասնելու հարցում: «Մենք ձգտեցինք օգնել մեր մոտ բարեկամներին հասնելու պայմանավորվածության, որը, հուսով ենք, կպաշտպանվի և կկատարվի, այդ թվում' հաշվի առնելով այն, որ կան հայտնի համաձայնություններ, որոնք դեռևս ընդունվել են 1990-ական թվականներին և որոնք վերաբերվում են կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ անժամկետ բնույթ ունեցող պարտավորություններին»,- ասել է նա:

 

Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

 

Նա ասել է, որ այսօր Երևանում է գտնվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ապրիլի 8-ին նա կլինի Բաքվում: Շփումներն իրագործվել են նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի գծով:

 

«Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակը բոլորից պահանջում է ավելի ակտիվորեն նայել անցյալում ունեցած պայմանավորվածությունների վրա, մշակել շփման գծում վստահության միջոցառումներ: Դրանք քննարկվել են ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Երևի այժմ, հաշվի առնելով բռնության ճողփյունը, որը տեղի էր ունեցել և որը հաջողվեց այնուհանդերձ հանդարտեցնել, կարելի կլինի վերադառնալ այդ թեմային: Բայց ուզում եմ անմիջապես ասել, որ հակամարտության շրջանում վստահության ամրապնդումը բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ուժաթափ լինենք այն բանում, ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության բազմակողմանի քաղաքական կարգավորման գտնելու անհրաժեշտությանը», -ընդգծել է նա:

 

«Եվ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և որպես երկիր իր ազգային որակով, որը սերտ և բարի հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ամեն ինչ անելու է, որպեսզի իր նախաձեռնություններն առաջ տանի այն աշխատանքի հունով, որը վերջին ժամանակում արվել է այդ ուղղությամբ»,- վստահեցրել է Լավրովը:

 

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև առաջարկել է վերադառնալ ԼՂ-ում վստահության միջոցների ամրապնդման գծով մեխանիզմների մասին հարցի քննարկմանը:

 

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններում արդեն բարձրացվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության ամրապնդման միոցառումների մասին հարցը: Այժմ կարելի կլինի վերադառնալ այդ թեմային»,- ասել է նա: