Երբ ամենաբարձր մակարդակով որոշում էր կայացվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ՝ տարիներ առաջ, հիմնական փատարկը, թերևս, այն էր, որ Հայաստանը դա անում է՝ առավելապես ելնելով սեփական անվտանգության ապահովման կենսական անհրաժեշտությունից:



Այն, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը, գոնե տնտեսական առումով, բավական վիճելի էր ու Հայաստանի ներսում հարուցեց լուրջ բանավեճեր, իրողություն է: Մեզ, սակայն, փորձում էին համոզել,որ ամեն բան լավ է լինելու, ու գոնե անվտանգության առումով, ինչպես ասում են, մեր հավին քշա ասող չի լինելու. փաստորեն սխալվում էին…



Վստահաբար կարելի է ասել, որ 4-օրյա հայ-ադրբեջանական պատերզամը հսկայական նշանակություն ունեցավ ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլև համընդհանուր դիվանագիտական, աշխարհաքաղաքական առումներով՝ հարուցելով այնպիսի հարցեր ու տեղիք տալով այնպիսի մտորումների, որոնց մասին նախկինում, թերևս, շատ քչերն էին խոկում: Մասնավորապես՝ առաջին հարցը, որ վերջին իրադարձությունների արդյունքում սկսում է բոլորիս ուղեղները սղոցել,այն է,թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել Ռուսաստանի կրավորական կեցվածքը ստեղծված իրավիճակում. չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Հայաստանի հետ շատ երկար տարիներ,իսկ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, ըստ առողջ տրամաբանության,պետք է միայն ամրացներ հայ-ռուսական դաշինքը:



Երկրորդ ոչ պակաս կարևոր հարցը, որ ծառանում է մեր առջև, այն է, թե ում են պետք, գրո՛ղը տանի, այն դաշնակիցները (խոսքը Բելառուսի ու Ղազախստանի մասին է), որոնք ամենաթեժ պահին, իրենց իբր դաշնակցի հետ տեղի ունեցող ամենաիսկական փորձության ժամին բառիս բուն իմաստով դավաճանական դիրքորոշում են որդեգրում Հայաստանի նկատմամբ՝ սիրախաղերի մեջ մտնելով հակառակորդի հետ. թե հատկապես որն էր ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի՝ Մոսկվա տեղափոխելու Նազարբաևի պահանջը, ճիշտն ասած,այդպես էլ անհասկանալի է մնում, ավելի ճիշտ՝ շատ էլ լավ հասկանում ենք. բացառապես իր թյուրք ու թուրք եղբայրներին չնեղացնելու համար է, որ Նորսուլթանը նման ժեստ է կատարում (այսքանից հետո մեր լեզուն կարո՞ղ է պտտվել ու բարբաջել, թե մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք ԵՏՄ անդամ բոլոր երկրների հետ…):



Բայց այս ամեն ինչն, ամենառաջին հերթին, պետք է տագնապի ազդանշան լինի հենց Ռուսաստանի համար, որի աշխարհաքաղաքական մտահղացման արդյունք են թե՛ «ՀԱՊԿ» կոչեցյալը, թե՛ «ԵՏՄ» կոչվող միությունը: Լա՛վ, հետաքրքիր է՝ մի՞թե Ռուսաստանը չի մտածում իր ու իր կեղմից ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական միությունների միջազգային հեղինակության մասին, թե՞ պարզապես փորձում է մեզ ինչ-որ բան հասկացնել,իսկ ասենք նույն Նորսուլթանն ընդամենը գործիք է՝ նրա ձեռքին:

 

 

Վստահաբար կարելի է ասել,որ Անդրկովկասում ստեղծված աննախադեպ ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ-ը ամեն կերպ փորձելու է քաղել իր համար անհրաժեշտ ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական դիվիդենտներ՝ խոշոր հաշվով թքած ունենալով հակամարտող բոլոր կողմերի վրա. կանի այն, ինչ իր սեփական շահն է այդ պահին թելադրում, իսկ մյուսներն էլ ինչպես կարող են,թող իրավիճակից գլուխ հանեն…



Դավիթ Բաբանով