Արցախում անհայտ կորածների որոնման, մարմինների փոխանցման աշխատանքները կեզրափակվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը' ընդգծելով, որ որոնողական աշխատանքները դեռ կշարունակվեն, և արցախյան կողմը պատրաստակամ է այդ ժամանակահատվածում խստորեն պահպանել պայմանավորվածությունն ու ոչ մի կրակոց չարձակել այն հատվածներում, որտեղ կատարվում են որոնման աշխատանքները: «Ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, որ պատրաստ է չկրակել որոնողական աշխատանքների հատվածներում: Մարմինների հայտնաբերման և փոխանցման աշխատանքները ակնկալում ենք ավարտել 1-2 օրվա ընթացքում»,-ասաց Բաբայանը:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդեց, որ ԿԽՄԿ-ն անկախ միջնորդի իր հանձնառության շրջանակում զոհերի մարմինների որոնման աշխատանքը կհամարի ավարտված միայն այն ժամանակ, երբ մարմինները կփոխանցվեն ընտանիքներին: «Ապրիլի 8-ին մենք, որպես անկախ միջնորդ, աջակցել ենք զոհերի մարմինների որոնման աշխատանքներին: Քանի որ ամբողջ գործողության իմաստն այն է, որ պատասխաններ տրվեն ընտանիքներին, մեր առաքելությունը կհամարենք ավարտված, երբ մարմինները կփոխանցվեն նրանց»,-ասաց Ամատունին: