Եվրասիական տնտեսական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նախատեսված էր Երևանում ապրիլի 8-ին, ինչպես արդեն հայտնի է, հետաձգվեց, քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշեց, որ իր երկրի վարչապետը չի գնալու Երևան: Այս կապակցությամբ է ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ:

 

 

- Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում Նազարբաևը կամ Ղազախստանը՝ հասնելով նրան, որ Երևանում չկայանա ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:



- Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևն այստեղ որոշակի շփոթմունքի մեջ էր, երբ Հայաստանի նախագահն իրեն հայտնեց մեր դիրքորոշման մասին: Մեդվեդևն ասաց, որ առաջիկայում Երևանում կայանալու է այդ նիստը: Հիմա նա այնտեղ, տեղում, կարծում եմ, պետք է փորձի հասկանալ, թե, վերջիվերջո, ինչո՞վ էր պայմանավորված Նազարբաևի այդ դեմարշը, ինչպես ինքն այստեղ հայտարարեց, անպայման խոսելու, քննարկելու է Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Դա նշանակում է, որ որևէ պարզաբանում դեռ չի եղել: Համենայն դեպս, Ղազախստանի հայտարարությունը կամ դիրքորոշումն այն է, որ այս պայմաններում չարժե Երևանում անցկացնել: Մեզ համար դրա տողատակը պարզ է, լրիվ հասկանալի' Ղազախստանի այդ դեմարշը Ադրբեջանին այդ կերպ սատարելու համար էր:

 

 

Հիմա, իմ կարծիքով, պետք է հասնել նրան, որ այդ նիստը կայանա հենց Երևանում: Դա իսկապես արդեն սկզբունքի հարց է, որովհետև եթե մենք լիակատար անդամն ենք այդ Եվրասիական տնտեսական միության, ապա պետք է բոլորն էլ ենթարկվեն խաղի ընդունված ընդհանուր կանոններին, հակառակ պարագայում արդեն անհասկանալի է, թե այդ ստորագրությունները, այդ պայմանավորվածություններն ինչ արժեք ունեն:

 

 

Ղազախստանը երբեք չի թաքցրել, որ ինքն Ադրբեջանի կողմն է, ինչպես Թուրքիան: Դա մեզ պետք է հուշի, որ թուրքալեզու, իրենց արմատներով ընդհանուր երկրներն առաջիկայում էլ պետք է միասնական լինեն: Համենայն դեպս, դա իրողությունն է, ու պետք է դրա հետ հաշվի նստել: Դա մեզ պետք է հուշի նաև համապատասխան գործողություններ կազմակերպել' նրանց քայլերը չեզոքացնելու համար:

 

 

- Առայժմ հրապարակված տեղեկատվությունից կարելի՞ է եզրակացնել, որ այդ նիստն առաջիկայում Մոսկվայում է կայանալու' հաջորդն անպայման Երևանում, հավանաբար 2-3 ամսից, անցկացնելու պայմանով:



- Հնարավոր է, որ ամսի 12-ին Մոսկվայում անցկացվի, իսկ հաջորդը, 2 ամիս հետո, լինի արդեն Երևանում: Բայց հնարավոր է նաև, որ առաջիկա նիստը հենց Երևանում անցկացվի: Չեմ կարծում, թե պատահական էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գալը Երևան, հանրապետության նախագահի հետ հանդիպումը: Կարծում եմ, որ կապված է նաև այդ հարցի հետ: Տիգրան Սարգսյանը նույնպես պետք է մասնակցեր այդ նիստին՝ որպես հանձնաժողովի նախագահ, և երևի ճիշտ է արել, որ չի հրաժարվել այդ այցից և եկել է Երևան:

 

 

- Եթե այդ նիստն առաջիկայում, այնուամենայնիվ, հրավիրվի Մոսկվայում' պայմանով, որ հաջորդն անպայման Երևանում է լինելու, Հայաստանը, ձեր կարծիքով, մոսկովյան նիստին պե՞տք է մասնակցի, թե՞ ոչ:



- Կարծում եմ՝ պետք է մասնակցի, բայց կարգավիճակով ավելի ցածր ներկայացուցչով, այսինքն՝ ոչ թե վարչապետը պետք է գնա, այլ փոխվարչապետը, այդ կերպ արտահայտելով Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը Ղազախստանի այդ քայլին, Երևանում նախատեսված նիստն այստեղ անցկացնելուց հրաժարվելու նկատմամբ: Մենք մեր արժանապատվությունը պետք է պահպանենք:

 

 

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի