Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի ապրիլյան ագրեսիայի արդյունքում մեծ թվով զինծառայողներ և ռազմական տեխնիկա կորցնելու հետ կապված, հայտարարել է, որ տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսած բանակը չպետք է մոտ 100 սպանված զինծառայող ունենար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ալի Քերիմլին դժգոհել է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները ժողովրդից թաքցնում են հայկական կողմի հակահարվածների արդյունքում ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների իրական թիվը, ինչի համար իրենք հարկադրված այդ մասին տեղեկությունները ձեռք են բերում սոցցանցերում անկախ լրագրողների բերած տվյալներից:

 

«Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան կուսակցության» պահվածքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ վերնախավի նպատակը ոչ թե Ղարաբաղն է, այլ իշխանության պահպանումը»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Ալի Քերիմլին հանդես էր եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ:

 

Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող՝ «պետք լինի՝ Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:

 

«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից' հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես՝ Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս մի արեք «պետք լինի…» տեսակի արտահայտություններ, դա լուրջ չի ընդունվելու»,- գրել էր նա:

 

Ադրբեջանի իշխանությունները Ալի Քերիմլիի տան առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոնց մասնակիցները նրան «դավաճան», «հայամետ», «թշնամի» են անվանել:

 

Քերիմլիին պաշտպանել է Ադրբեջանի ընդդիմադիր և ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքը:

 

Դաշինքի կողմից այդ առնչությամբ արված հայտարարության մեջ ասվում է, որ «23 տարի անընդհատ «պետք լինի Ղարաբաղը կվերցնենք» հորջորջող ռեժիմի բանակը չի կարողացել ճիշտ գործողութուններ վարել»:

 

«Իլհամ Ալիևի կողմից բազմիցս պնդվող «Հայաստանի պետբյուջեին հավասար» բյուջե ունեցող մեր բանակը չպետք է այդքան կորուստ տար: Իշխանությունը մոռացել է, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը և զինադադարի համաձայնագիրը ստորագրողը Իլհամ Ալիևն է, և Ղարաբաղը Ալի Քերիմլիից է պահանջում»,- ասվում է հայտարարության մեջ: