Վերջերս Ռուսասանի Հայերի Միությունը հարցեր է ստանում հայկական ԶԼՄ-ից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջին ժամանակներս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաև այն բանի հետ, թե «ինչո՞ւ ի տարբերություն մյուս երկրների, Ռուսասանի հայկական համայնքը լռում է՝ չի կազմակերպում ցույցեր, հանրահավաքներ և նստացույցեր»:

 

 

Այս թեմայի շուրջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի Հայերի Միության մամուլի ծառայության պարզաբանումը.

 

 

Ռուսաստանի Հայերի Միության «լռության» և «անգործության» վերաբերյալ.

 

 

Այն որ ՌՀՄ-ն և Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չեն անում և լռում են, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական ԶԼՄ-ով, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել և խոսել այն հսկայական աշխատանքի մասին, որն իրականացնում է ՌՀՄ-ն 15 տարուց ավելի, և մասնավորապես՝ հայերի համար այս դժվար ժամանակահատվածում:

 

 

ՌՀՄ-ն և Ռուսաստանի հայկական համայնքի ձայնը առանց ցույցերի էլ հասել է ինչպես մինչև Կրեմլ, այնպես էլ մինչև Ադրբեջան: Դրա մասին վկայում է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը ՌԴ ղեկավարությանը, որում ուշադրություն է դարձվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես նրա «ազգայնական կարգախոսներին և կոչերին, ԼՂՀ-ում վերջին իրադարձությունների հետ կապված հայտարարություններին, որում Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, անպատվաբեր է արտահայտվում Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի հասցեին և այլն»:

 

 

Նման բողոքով իրենց նախագահին կարող էին դիմել նաև ԱՄՆ-ի ադրբեջանցիները՝ հաշվի առնելով, որ այդ երկրում գտնվող Արա Աբրահամյանը ակտիվ աշխատանքներ է վարում Արցախին և արցախցիներին աջակցելու նպատակով, անցկացնում է հանդիպումներ կոնգրեսականների և ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների, տեղի հայկական համայնքի հետ: Ի դեպ, 300 հազար ԱՄՆ դոլարից, որը ներդրվել է Հովհան արքեպիսկոպոսի կողմից ստեղծած Արցախին աջակցելու հիմնադրամ, 100 հազարը փոխանցել է Արա Աբրահամյանը:

 

 

Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ Արա Աբրահամյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Արբեջանին՝ որպես ագրեսոր երկիր, զենք մատակարարելու հարցում միջազգային էմբարգո հայտարարելու կոչով (քանի որ Արբեջանը հասունացրել է իր ռազմական ուժը ոչ միայն Ռուսաստանի օգնությամբ): Այս ցուցակը կարելի է շարունակել՝ ներառելով Արցախին օգնություն ցուցաբերող փորձագետների հետ աշխատանքը, որի մասին կարիք չկա բարձրաձայնելու:

 

 

Հրապարակային բողոքի ցույցերի մասին.

 

 

Յուրաքանչյուր ցույցի կամ հանրահավաքի նպատակը բողոքողների տեսակետը իշխանություններին հասցնելն է և այս կամ այն խնդրի շուրջ ողջ հանրության ուշադրությունը գրավելը: Ի տարբերություն մյուս երկրների՝ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ագրեսիայի առաջին իսկ օրերից Ռուսաստանի ողջ քաղաքական, փորձագիտական և հասարակական համայնքն ակտիվ կերպով քննարկում է Ղարաբաղի խնդիրը, և գաղտնիք չէ, որ ռուս հանրությունը, չհաշված հազվադեպ բացառությունները, նախապատվությունը տալիս է հայերին:

 

 

Ինչ վերաբերում է մեր անհամաձայնությանն այն բանի հետ, որ Ռուսաստանը չպետք է զենք մատակարարի Ադրբեջանին (այս հարցը Աբրահամյանը բարձրացրել է վերջին տարիների ընթացքում՝ դեռևս ապրիլյան պատերազմից առաջ) կամ էլ այլ հարցերի հետ կապված, արտահայտվել է ՌՀՄ մի քանի հայտարարություններում, ինչպես նաև ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և մեր կազմակերպության այլ ղեկավարների բազմաթիվ հարցազրույցներում, ովքեր, օրինակ, առաջինն են հանրության ուշադրությունը հրավիրել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու անթույլատրելի արտահայտությունների վրա՝ արված հայտնի «Русское радио»-ի եթերով և այլն:

 

 

ՌՀՄ-ի ամբողջական հայտարարություններին, ինչպես նաև Արա Աբրահամյանի հարցազրույցներին կարող եք ծանոթանալ ՌՀՄ-ի պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org, Համաշխարհային հայական կոնգրեսի պաշտոնական էջում՝ www.armcongress.am, և կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

 

 

Ինչ վերաբերում է հանրահավաքներին՝ ապա մեր հայրենակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը, հայերը կկարողանան ցույց տալ իրենց միասնականությունը, իսկ մեր այլազգի ընկերները՝ իրենց համերաշխությունը մեզ հետ: ՌՀՄ-ը դիմում է ներկայացրել քաղաքային իշխանություններին, որպեսզի արտոնեն ռուս հասարակության հանրահավաքը (այլ ոչ թե հայկական նեղ շրջանակի), որը կկայանա ապրիլի 24-ին: Մենք ծրագրում ենք անցկացնել բողոքի ցույց նաև Թուրքիայի դեսպանատան առջև: Հստակ ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնենք:

 

 

Հ.Գ. Ներկայացնում ենք նաև Համառուսական ադրբեջանական կոնգրեսի բաց ուղերձը, որը նրանք ներկայացրել են ռուսական իշխանություններին՝ կապված Արա Աբրահամյանի հայտարարությունների հետ.

 

 

««Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության և պետական ազգային քաղաքականության Խորհրդի տեղեկատվական աջակցության ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը արել է մի քանի հայտարարություն ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ:

 

 

Իր հայտարարություններում Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, անպատվաբեր է արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին, ինչպես նաև կոչ է անում իր հայրենակիցներին Ադրբեջանի դեսպանատների առջև բողոքի ցույցեր կազմակերպել, ինչը, այս դժվար ժամանակաշրջանում, կարող է ազգային հողի վրա հիմնված բախումների հետևանք դառնալ:

 

 

Բնիկ հայի, բայց Ռուսաստանում գործունեություն ծավալող հասարակական գործչի նման բնույթի կոչերը անտանգստություն և մտահոգություն են առաջացնում: Իր հերթին՝ Համառուսական ադրբեջանական կոնգրեսը՝լինելով ռուսական հասարարական և Ռուսաստանի ադրբեջանցիներին իր շարքերը միավորող կազմակերպություն, ի կատար է ածում այն բոլոր անհրաժեշտ ջանքերը , որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտող իրավիճակը չտեղափոխվի Ռուսաստան:

 

 

Մեր կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը համարվում է նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային քաղաքականությանը՝ հաստատված և իրականացվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Իսկ նման տեսակի հայտարարությունները միայն շիկացնում են 2 համայնքների միջև հարաբերությունները և նպաստում են միասնական ռուսական հասարակության ապակայունացմանը:

 

 

Բացի այդ՝ Արա Աբրահամյանի ազգայնական կարգախոսներն ու կոչերը, հակասում են ոչ միայն Ռուսաստանի ազգային քաղաքականությանը, որտեղ բոլոր ժողովուրդները ապրում են խաղաղության և համաձայնության մթնոլորտում, այլ նաև դեմ են պետական ազգային քաղաքականության Խորհրդի տեղեկատվական աջակցության ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի սկզբունքներին և խնդիրներին, որի նախագահը Արա Աբրահամյանն է:

 

 

Այդ ամենով նա ստվեր է գցում իր կողմից ղեկավարած կոմիտեի վրա և մոլորության մեջ դնում ռուսական հանրությանը: Համառուսական ադրբեջանական կոնգրեսը խնդրում է ռուսական իշխանություններին ուշադրություն դարձնել Արա Աբրահամյանի գործողություններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և հետագայում դրանք կանխելու նպատակով»: