Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման մեջ, գրում է Washington Post-ի սյունակագիր և ամերիկյան նախկին դիվանագետ Մեթյու Բրայզան: Նրա կարծիքով՝  ԱՄՆ-ի իշխանությունների այս «բարեգութ անտեսումից» օգտվում է Մոսկվան, որը հեռացնում է Անդրկովկասյան պետությունները Արևմուտքից և ամրապնդում իր ազդեցությունը տարածաշրջանում:

 

 

 

Նախկին դիվանագետը խոստովանում է, որ նրան զարմացրել է վերջին շրջանում այդ հարցի շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության բացակայությունը: Գործողությունների կոնսոլիդացիայի համար համախմբվելու փոխարեն՝ առաջնորդվելով Մինսկի խմբի սկզբունքներով, Պուտինը ինքնուրույն էր գործում:

 

 

Հնարավոր է, Ռուսաստանի նախագահը մտադիր էր թուլացնել փոխնախագահ Ջո Բայդենի հանդեպ արժանահավատությունը, ով հակամարտության նոր սրացման նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ փորձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացին նոր ուժ հաղորդել: Կամ էլ, նշում է հոդվածագիրը, Պուտինին կարող էր բարկացնել այն, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Բարաք Օբամայի հետ միջուկային գագաթնաժողովի շրջանակներում, ինչը բոյկոտել է հենց ինքը՝ Մոսկվան:

 

 

Ամեն դեպքում, շարունակում է հոդվածի հեղինակը, Պուտինը վերահսկում է իրավիճակը՝ ինտենսիվ դիվանագիտության օգնությամբ, մինչդեռ Օբաման այդ հարցի վերաբերյալ որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում: Սպիտակ տունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել, իսկ Պետդեպարտամենտը սահմանափակվել էր զուսպ արձագանքով:

 

 

Ռուսաստանը հաղթել է երկու առանցքային ուղղություններով: Առաջին հերթին, նա վերականգնում է իր հեղինակությունը միջազգային հարթակում՝ Ուկրաինայում «ձախողումից» հետո: Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Մոսկվան միայնակ է որոշում Անդրկովկասում ռազմավարությունը:

 

 

«Աշխատանքով ծանրաբեռնված Օբամայի վարչակազմի այս բարեգութ անտեսումը Կրեմլին հնարավորություն է տալիս՝ ելնելով իր շահերից օգտագործել Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Կենտրոնական Ասիային և էներգիայի կասպյան աղբյուրներին միացնող տարածաշրջանը», - ընդգծում է հեղինակը:

 

 

«Այսպիսով, Պուտինը Արևմուտքից հեռացնում է Հայաստանին և Ադրբեջանին՝ ստեղծելով հետագա ճգնաժամերի հիմք, մինչ Վաշինգտոնը սպասողական դիրքորոշում է զբաղեցնում», - եզրափակում է Բրայզան: