Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մտադիր են հավանություն տալ ԵԱՏՄ-ի նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի աշխատակիցը: Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրացման խորացման գերակա խնդիրները:

 

Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ի գործառմանը և ինտեգրացման ճյուղային ուղղությունների զարգացանը: Քննարկվելու են ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

 

Նիստի ընթացքում նաև քննարկվելու են մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք նպատակամղված են անդամ պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը և նրանց տեխնոլոգիական ներուժի մեծացմանը: Մասնավորապես, պլանավորվում է հաստատել եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման ու գործառման և եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման դրույթները:

 

Բացի այդ, նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային համագործակցության հարցեր: Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ անցկացնելու դիրեկտիվները: Այդ բանակցային գործընթացը կդառնա ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախաձեռնության զուգորդման աշխատանքի կարևոր բաղադրիչը:

 

Միջկառավարական խորհրդի նիստը կդառնա առաջինը, որի նախապատրաստումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորացված կազմը՝ նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: