Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆիասկո ապրեց նախ և առաջ շնորհիվ պաշտպանության բանակի քաջ զինվորների: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հերոսներին, բոլորին՝ թե՛ զոհված, թե՛ կենդանի և նրանց ծնողներին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

 

Շարմազանվը նկատեց՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը: «Եվ պատահական չէ, որ Երևանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է, և որ վճռական ու որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ: Ուզի-չուզի Ադրբեջանը, Թուրքիային դա դուր կգա՞, թե՞ ոչ, համանախագահների մակարդակով հնչեցվել է այս կարծիքը, ինչի մասին մշտապես խոսել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները: Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

 

Շարմազանովն ասաց, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է քայլեր ձեռնարկի Արցախի Հանրապետության և Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

 

Նրա խոսքով՝ այդ անվտանգությունը միայն ռազմական գործոնի մեջ չէ, այլ նաև քաղաքական: