Ղարաբաղաադրբեջանական վերջին իրադարձությունների, չորսօրյա արյունալի պատերազմի, դրան հաջորդած հրադադարի պայմանավորվածության և խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ 



- Պարոն Մեհրաբյան, Արցախում չորսօրյա պատերազմն ի՞նչ ցույց տվեց։ Այսուհետ ի՞նչ ճանապարհով պետք է ընթանան բանակցություններն Արցախի հարցի շուրջ, որպեսզի այն լինի հայանպաստ։


- Այստեղ ոչ թե հարցը հայանպաստ կամ ոչ հայանպաստ լինելն է, այլ այն, որ հարցը լուծվում է, թե ոչ։ Իսկ հարցը լուծվում է միայն կարգավորմամբ, իսկ կարգավորումն էլ պետք է լինի ոչ թե դեկլարատիվ բնույթի խոսակցությունների մակարդակով, այլ գործողություններով։ Մենք տեսանք հետևյալը։ Ապրիլի 2-ից սկսված՝ մենք տեսանք ագրեսիվ գործողություններ, խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններ։ Դա ցույց է տալիս հետևյալը՝ որևէ տարբերակ, որ Ղարաբաղն ինչ-որ կարգավիճակում կարող է լինել Ադրբեջանի կազմում, նույնիսկ տեսականորեն, ապրիլի 2-ի հարձակմամբ վերջնականապես բացառվեց։ Եթե միջազգային ատյաններում հայկական կողմին փորձեն մեղադրել ոչ կոնստրուկտիվության մեջ, ապա մենք ունենք մեր փաստարկը, որը ձևավորեց Ադրբեջանը՝ բացառելով ցանկացած այլ տարբերակ: Դա մենք չեն արել։ Այո, մենք համաձայն չենք, որ պետք է կոտորվենք։ Հետևաբար՝ ալիևյան Ադրբեջանն իր այս քայլով մեծագույն ռեպուտացիոն կորուստներ կրեց, այն էլ՝ անդառնալի։

 

- Ադրբեջանը կարո՞ղ էր միայնակ նման քայլի գնալ։


- Ոչ, նա չէր կարող այդ ամենն ինքնագլուխ ձևով անել, եթե նրան թևութիկունք չկանգներ պուտինյան Ռուսաստանը։ Ռուսաստանը դե յուրե լինելով մեր դաշնակիցը, անվտանգության երաշխավորը՝ այսօր Հայաստանի թիվ մեկ կենսական սպառնալիքն է։

 

- Ի՞նչ շահ էր հետապնդում Ռուսաստանը և ի՞նչ շահեց այս չորսօրյա պատերազմից։


- Ռուսաստանն, այս ամենը սանձազերծելով՝ հետապնդել է մի քանի նպատակ։ Այո, սա միանշանակ սանձազերծել է Ռուսաստանը։ Այլ բան է, որ Ալիևի ռեժիմի և Պուտինի ռեժիմի շահերը ժամանակի և տարածության մեջ համընկել են։ Դա ուրիշ խնդիր է։ Բայց այն որ, պատերազմ սանձազերծողը եղել է Ռուսաստանը, անկասկած է։

 

Առաջինը՝ Ռուսաստանը ցանկացել է ավելի ամրապնդել իր հսկողությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդը՝ թույլ չտալ, որպեսզի այլ ուժերի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա՝ Ռուսաստանի ազդեցության նվազման ֆոնին։ Հատկապես խոսքն Արևմուտքի և Իրանի մասին է։ Երրորդը՝ Ռուսաստանի նպատակն էր, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում, Իրանին և նրա էներգակիրների պոտենցիալ սպառողներին, ցույց տալ, որ Հարավային Կովկասով խողովակներ անցկացնելու մասին հանկարծ մտքներովդ չանցնի, քանի չեք պայմանավորվել Մոսկվայի և Բաքվի հետ։ Այս հարցում նույնպես Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկել են, որովհետև Իրանը լրջագույն մրցակիցն է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի՝ իր էներգակիրներով։


Երեկ շատ ուշագրավ հայտարարություն արեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որ հարձակողական զենք մատակարարելով Ադրբեջանին՝ նրանք այդպես պայքարում են իրենց մրցակիցների դեմ, իսկ դրա դեմ խոսողների «փսլինքերի» մասին դատողություն էր անում։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական պատասխանատուներն ուղղակի Հայաստանի բախտը բերեցին ու կապեցին նման տականքների խմբակի հետ, որը չունի ոչ մի սրբություն, ոչ մի բարոյականություն և նույնիսկ պատկերացում միջազգային հարաբերությունների մասին։ Նրանց պատկերացումները միայն կրիմինալ են, վայել է միայն թմրավաճառների մտածելակերպին։ Այսպիսի քաղաքականությունը և դիվանագիտությունը մի օր պետք է պայթեր։ Ռոգոզինին պետք է արժանին մատուցել իր ազնվության համար, որ նա բաց տեքստով Հայաստանի պնդաճակատներին բացատրեց, թե ինչ է ուզում Ռուսաստանը և ինչպես է վերաբերվում Հայաստանին, ինչքան էլ նրա քաղաքական պատասխանատուներից ոմանք փորի վրա սողան ռուսների առաջ։ Ռոգոզինը ցույց տվեց, որ իրենք ոչինչ են, իրենց անունն է՝ ոչ մի բան, կարևորը Ռուսաստանի շահերն է, թեկուզ մեր մեռնելու գնով։

 

- Պարո՛ն Մեհրաբյան, աշխարհաքաղաքական պատճառներից անցում կատարենք ներքաղաքական պատճառներին։ Այս իրադարձություններից հետո, Ձեր կարծիքով, չպե՞տք է լինեն պաշտոնանկություններ, իրավական պատասխանատվության ենթարկվողներ, քանի որ չորսօրյա պատերազմը ջրի երես հանեց բանակում առկա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սպառազինության, անհրաժեշտ իրերի պակասը և վերջապես փողի պակասը։


- Գիտե՞ք ինչ, ես դեմ եմ, որ մենք մերկապարանոց ձևով խոսենք միայն վատի մասին։ Ի վերջո, վերջին տարիներին կատարվել է ահռելի աշխատանք և դրա շնորհիվ էր, որ հայ զինվորը փառքով կատարեց իր գործը։ Եկեք դա չժխտենք, դա ուղղակի ճշմարտության դեմ մեղք գործել կլինի։ Բայց նաև փաստ է, որ ամեն ինչ իդեալական չէր։ Եթե այդ մասին էլ չխոսենք, էլի սխալ կլինի և վնաս կլինի մեզ։ Դժվար է աբստրակտ անցում կատարել ներքաղաքական պատճառներին, քանի որ դրանք ուղղակիորեն փոխկապակցված են արտաքին քաղաքական գործընթացների հետ։ Այս արատավոր քաղաքականության դաշնակիցներ Հայաստանում ռուսներն ունեին՝ հանձին կրիմինալի, հանձին կոռուպցիայի, հանձին բթամտության, հանձինս գավառամտության ու տգիտության և այդ ամենի կրողների, որոնք զբաղեցնում են շատ կարևոր պաշտոններ։

 

Այո, այսօր Հայաստանի քաղաքական, ռազմաքաղաքական պատասխանատուները պետք է հետևություններ անեն, այդ թվում կազմակերպական հետևություններ, որի մեջ մտնում են նաև պաշտոնանկությունները և ոմանց պատասխանատվության ենթարկելը։ Պետք է քաղաքական կուրսի ֆունդամենտալ վերանայում տեղի ունենա։ Մեր արտաքին քաղաքական պատկերացումների, մեր ներքաղաքական պատկերացումների, մեր անվտանգության քաղաքականության պատկերացումների վերանայում պետք է լինի։ Մենք աշխարհին պետք է նայենք Երևանից, ոչ թե Մոսկվայից։ Մեզ Էդուարդ Նալբանդյան արտգործնախարար պետք չէ, մեզ Հովիկ Աբրահամյան վարչապետ պետք չէ, ես սա ասում եմ հրապարակայնորեն։ Այս ամենից հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությունը վստահել նման անձանց ուղղակի չի կարելի։ Ոչ մի «քաղաքական նպատակահարմարություն» չի արդարացնում այսպիսի գործելաոճը։ Հայաստանի քաղաքական դաշտում ամենաչարորակ հատվածը, որը դարձել է ռուսական շահերի պրովայդերը Հայաստանում, պետք է դուրս մղվի քաղաքականությունից։ Ֆեյքային քաղաքական ուժերը, որոնք այս ընթացքում ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության ո՛չ պետականության, ո՛չ հասարակության հետ կապ չունեն։ Նրանք ուղղակի զբաղված են սեփական գրպանը լցնելու մտահոգությամբ և Ռուսաստանի շահերը սպասարկելով, ընդ որում՝ այդ երկու «մտահոգությունները» փոխկապակցված են։

 

Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտում պետք է գույքագրում արվի, թե ի վերջո, ովքեր և ինչն է Հայաստանի բարեկամը, որտեղից է քամին փչում դեպի մեր առագաստներ, ովքեր ու ինչն է մեր թշնամին, ինչն է կասեցնում մեր նավի ընթացքը։ Մենք՝ ողջերս, պարտք ունենք զոհվածների առաջ։ Այդ պարտքը հատուցվում է միայն մեկ ճանապարհով՝ քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ երկիր կառուցելով, չկա ուրիշ ճանապարհ։ Դրա մեջ մտնում է նաև առաջիկա 2017 թվականի ընտրությունների ազատ և արդար անցկացումը։ Մենք այսօր արդեն տեսնում ենք որոշ էպիզոդներ, երբ որոշ հաստագլուխներ շարունակում են իրենց նախկին պրակտիկան։ Հայաստանում այլևս կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև ապրիլի 2-ը և դրանից հետո։ Մինչև ապրիլի 2-ի կյանքն ավարտվել է։ Դա շատ կարևոր է հասկանալ, ով էլ չի հասկանում՝ պետք է հասկացնել բոլոր օրինական ճանապարհներով։ Մենք ունենք փայլուն հասարակություն, ով ունի հստակ պահանջներ։ ՀՀ-ի քաղաքական դաշտը պետք է հստակ ձեւակերպումներ տա այդ պահանջներին եւ առաջիկա ընտրություններով ամրագրի և դարձնի իրականություն: Քաղաքական դաշտը պետք է մաքրել քաղաքական աղբից։ Քաղաքական դաշտն այսօր այն Ավգյան ախոռներն են, որ լցված են ահավոր ծավալի քաղաքական աղբով և այն պետք է մաքրել։ Այդ աղբի զգալի մասը ռուսական է, դա թունավորում է մեր պետականությունը և սպառնալիքի տակ է դրել մեր ապագան։ Սթափվելու և լրջանալու ժամանակն է:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի