Դրսում արդեն 2016 թվականն է, իսկ մենք՝ հայերս, դեռ շարունակում ենք ինքներս մեզ զարմացնել մեր դյուրահավատությամբ, բավականին հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկվելու հատկությամբ:

 

Իսկապես անասելի հեշտությամբ, որովհետև բավական է մեկը համացանցում մի բան գրի, անմիջապես շատերը ոչ միայն հավատում են՝ առանց նույնիսկ փորձելու ստուգել գրածի հավաստիությունը և աղբյուրները, այլը ոգևորված տարածում են ապատեղեկատվությունը՝ իրենք էլ իրենց հերթին առանց գիտակցելու մանիպուլյացիայի ենթարկելով ավելի մեծ խումբ դյուրահավատների: Եվ այդպես ցանցային սկզբունքով տեխնոլոգիան աշխատում է:

 

Ով չհասկացավ, թե ինչի մասին է խոսքս, նորից հիշեցնեմ, որ 2 օր առաջ «քոչարյանական» ուղղվածության լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց. իբրև թե Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո Վլադիմիր Պուտինն ավելի նեղ շրջանակներում զայրացած ասել է, թե Ռուսաստանը չի կարող անվերապահ աջակցել Հայաստանին, քանի որ այդպիսով կկորցնի վերահսկողությունն Ադրբեջանի վրա: Նաև Պուտինն իբրև թե դժգոհել է Սերժ Սարգսյանից՝ ամեն ինչի մեղավոր համարելով ՀՀ նախագահին:

 

Հրապարակումն ինքնին արդեն ծիծաղելի է: Ծիծաղելի, որ հայկական ոչ նշանակալից մի լրատվամիջոց կարող է Կրեմլից ստանալ նման տեղեկատվություն՝ փաստորեն ցույց տալով, որ ՌԴ հատուկ ծառայությունները «քնած» են: Ցավոք այս լուրն անմիջապես տարածեցին թե՛ այլ լրատվական կայքեր և թե՛ սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր: Եվ նրանցից ոչ ոք չփորձեց մի պահ մտածել, տրամաբանել, թե արդյո՞ք հնարավոր է սա ճիշտ լինի, արդյո՞ք հավաստի է: Ոչ ոք նույնիսկ ուշադրություն չդարձրեց, որ նյութի աղբյուր էլ չկա նշված:

 

Իհարկե, սա ֆանտաստիկայի ժանրից է, ինչը հասկանալու համար առանձնապես մեծ հմտություններ ունենալ պետք չէ: Ընդամենը պետք է մտածել, տրամաբանել: Ախր տեղն եկած ժամանակ լավ էլ հայերս կարողանում ենք մտածել, մանավանդ երբ խոսքն առևտրի ու տարբեր փողային հաշիվների մասին է, լավ էլ կարողանում ենք խորամանկություններ անել: Իսկ ու՞ր է մնում այդ խորամանկությունը նման պահերին: Մի՞թե կարելի է այդքան հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկվել:

 

Կարեն Վարդանյան