Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը: Խաղերի նախագծման ոլորտն այսօր աշխարհում ամենազարգացած և տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է: «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանում նույնպես զարգացնել խաղային ինդուստրիայի ոլորտը, ստեղծել նոր բիզնես միջավայր և բարձրակարգ մասնագետներ:

 

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 3 փուլով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված համակարգչային և բջջային խաղերը, ապա փուլ առ փուլ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ զարգացնում դրանք: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի ստեղծման ոլորտի հայաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

 

«Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Ամենամյա այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում և խրախուսում ենք տեխնոլոգիական ոլորտում մեծ ներուժ ունեցող երիտասարդներին, նպաստում նրանց հմտությունների զարգացմանը: Մրցույթի մասնակիցները բացի այն, որ խաղերի ստեղծման մեծ գիտակ են դառնում, նաև ապագայում կարող են հանդիսանալ որպես ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետներ»:

 

«Մեր ընկերությունը մշտապես կարևորել է նոր սերնդի կրթական զագացման աջակցությունը և տարիների ընթացքում մեծ ներդրում է կատարել թե´ ՏՏ ոլորտի զարգացման, թե´ այդ ոլորտում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: ԻՏՁՄ-ի հետ համագործակցությամբ հիմնել ենք ինժեներական լաբորատորիաներ ինչպես երևանյան, այնպես էլ մարզային, նաև՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: «Բաց խաղ» առաջնությունն այս համագործակցության տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծրագրավորման և կոդավորման ոլորտում բացահայտել և զարգացնել մեր երիտասարդ սերնդի ներուժը, որը հետագայում հիմք կծառայի խաղերի նախագծման ոլորտի զարգացմանը, բացի այդ հնարավորություն կընձեռի ձեռք բերված կոդավորման հմտությունները հետագայում գործածել նաև այլ բնագավառներում»,- նշում է «Բաց խաղի» համակազմակերպիչ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

 

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաև խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա:

 

«Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտը և այլ մանրամասներ ներկայացված են www.opengame.am կայքում:

 

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011 թվականից իրականացվել է ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: