Ուկրաինայի Գերագույն ռադան Վլադիմիր Գրոյսմանին հաստատել է հանրապետության վարչապետի պաշտոնում՝ միաժամանակ բավարարելով կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկի պաշտոնաթողության խնդրանքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Գրոյսմանի թեկնածությունը, որն ավելի վաղ զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը, պաշտպանել է 257 պատգամավոր: Դեմ է քվեարկել 50 խորհրդարանական:

 

Խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը նաև չեղյալ է հայտարարել Յացենյուկի կառավարության աշխատանքն անբավարար ճանաչելու որոշումը: Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ որոշման չեղարկումը պարտադիր պայման էր, որով Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» համաձայնեց նոր կոալիցիա կազմել նախագահական «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» հետ:

 

Գրոյսմանն ապրիլի 13-ին հայտարարել էր վարչապետի աթոռն զբաղեցնելու իր համաձայնութան մասին: Մինչ այդ խորհրդարանի խոսնակը քանիցս հրաժարվել էր առաջարկվող պաշտոնից, քանի որ նրա նշանակման պայմանները մինչև վերջ չէին համաձայնեցված:

 

Գրոյսմանի վերջնական նշանակումը Ռադան համաձայնեցրել է ապրիլի 13-ին: Ինչպես հայտնել է խորհրդարանում «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն, նույն օրը համաձայնեցվել է նաև կառավարության կազմը:

 

Գրոյսմանը Գերագույն ռադայի նախագահ էր ընտրվել 2014 թվականի նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր հանրապետույան փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նաև եղել է Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության և կոմունալ-կենցաղային տնտեսության նախարար: