Շատ կարևոր է ադեկվատ արձագանքել նոր իրողություններին, շատ արագ է ամեն ինչ փոխվում, նորություններն ի հայտ են գալիս ամեն օր, ուրեմն պետք է ակտիվ արձագանքել բոլոր մարտահրավերներին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նման տեսակետի է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանը, ով կարևորում է առաջին հերթին հասկանալ, թե ինչ է ուզում Ադրբեջանը:

 

«Ադրբեջանն առաջին հերթին ուզում էր գոնե մի փոքր գյուղ, բնակավայր գրավեր՝ չստացվեց, շպրտվեց դեն, փախան-գնացին՝ դիակները հավաքեցին: Իրենց բլից-կրիգի նպատակը չստացվեց՝ հուժկու հակահարված ստացան: Երկրորդը՝ ուզում էին ակտիվացնել քննարկումները ԼՂ-ի հետ կապված, հարցը դարձնել օրակարգային աշխարհում ու իրոք այսօր շատ են խոսում Ղարաբաղի հարցից տարբեր երկրների լիդերներ: Այստեղ էլ մենք շանս ունենք մատնել իրենց պարտության, եթե ադեկվատ արձագանքենք»,- ասաց փորձագետը, ում կարծիքով Ադրբեջանին ստացվեց Ղարաբաղի խնդիրն ակտուալ դարձնել, սակայն այստեղ էլ մոտ ժամանակներս կպարտվեն:

 

Ըստ նրա՝ Ադրբեջանն ուզում էր նաև թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը և տեղափոխել այլ ֆորմատներ:

 

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ պետք է Ադրբեջանից ստացված մարմինները դատաբժշկական փորձաքննության ենթարկել համանախագահող երկրների համապատասխան մարմինների անկախ և պետական փորձագետների ներկայությամբ: Այս առթիվ կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ հրավիրելու այդ փորձագետներին տեղում տեսնելու ադրբեջանական վայրագությունները:

 

Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, փորձագետը չի կարծում, որ Ադրբեջանը ռեալ կգնա բանակցությունների. «Ամբողջ աշխարհը դա է ասում, մենք դեմ չպետք է դուրս գանք: Բայց մեկ պայման պետք է դնենք՝ Մինկսի խումբ, դուք առաջարկել եք դիպուկահարներին դուրս բերել սահմանից, դուք առաջարկել եք, որ համապատասխան տեխնիկա բերվի շփման գիծ՝ պարզելու, թե ով է առաջինը կրակում, եթե մենք այդ երաշխիքները ստանանք, պատրաստ ենք բանակցել, իսկ մինչև այդ անիմաստ է մտնել բանակցային գործընթացի մեջ՝ ի՞նչ խոսել»,- ասաց Գրիգորյանը: