Խոսել 25 րոպեից ավելի և չասել ոչինչ… Այո, կա մարդ, ով դա կարող է և այդ մարդը նույնիսկ բարձր պաշտոն է զբաղեցնում Հայաստանում: Բայց մինչև նրա 25 րոպեանոց «բովանդակալից» հարցազրույցը վերլուծելը, նշեմ, ամենասենսացիոնն այստեղ այն էր, որ այդ մարդը կա, գոյություն ունի, ավելի շուտ՝ գտնվել է: Բանն այն է, որ նրան մի քանի օր փնտրում էին լրատվական դաշտի ներկայացուցիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը և չէին կարողանում գտնել: Հնչում էին նույնիսկ առաջարկներ՝ դիմել ռուսական “Жди меня” հեռուստահաղորդաշարի խմբագրություն՝ օգնության ակնկալիքով: Բայց դրան չհասավ, երեկ նա հայտնվեց: Այսպիսով, մենք ունենք արտգործնախարար` համենայն դեպս, գոնե դե յուրե: Կարևորը ունենք…

 

 

Հիմա անցնեմ Էդվարդ Նալբանդյանի 25 րոպեանոց հարցազրույցին Հանրաjին հեռուստատեսությամբ: Իրականում ես այն չեմ վերլուծի, որովհետև, մեր մեջ ասած` վերլուծելու նյութ ընդհանրապես այնտեղ չգտա: Մարդը խոսեց 25 րոպե և չասաց ոչ մի նոր բան, ոչ մի հետաքրքիր միտք: Միայն նշեց, որ իրենց աշխատանքների մասին հրապարակումներ անելը նպատակահարմար չէ: Իսկ ես մինչ օրս գիտեի, թե միայն ԱԱԾ-ի աշխատանքներն են, որ ենթակա չեն հրապարակման՝ հասկանալի պատճառներով: Պարզվում է, որ մեզ մոտ նաև ԱԳՆ-ն է գաղտնի կառույց:

 

 

Ինչևէ, լավ է, որ նախարարը «գտնվեց»…

Կարեն Վարդանյան