Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ շրջափուլի խաղացանկում փոփոխություն է կատարվել:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, 2015-2016 թթ. մրցաշրջանի 23-րդ տուրում՝ ապրիլի 24-ին սպասվող «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը չի կայանա:

Չնայած նախապես կազմված խաղացանկով նախանշված է եղել, որ ապրիլի 24-ին պետք է կայանա «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը, այնուամենայնիվ, ՀՖՖ-ի կողմից որոշում է կայացվել փոփոխելու իրադարձության նմանօրինակ զարգացումը: Երկու ակումբների միջև դիմակայությունը կկայանա մեկ օր շուտ՝ ապրիլի 23-ին:

Ապրիլի 23-ին կկայանան նաև երկու այլ հանդիպումներ՝ «Արարատ» - «Միկա» և «Գանձասար Կապան» - «Ալաշկերտ»: Գյումրու «Շիրակ»-ը հանգստանալու հնարավորություն կունենա, քանի որ «Ուլիս»-ի դեմ հանդիպումը տեղի չի ունենա. տեխնիկական հաղթանակը շնորհվել է «Շիրակ»-ին: