Հիշում եք չէ՞՝ դեռ երեկ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Անկարան Մոսկվայի ընկերն է: Հենց այդպես որոշեց, որ դառնում է ընկերը ու դարձրեց, որովհետև հենց այդ պահին դա էր պետք, դա տեղավորվում էր գերտերության շահերի անբարո տրամաբանության մեջ:

 

Բայց այդ անբարո տրամաբանության մեջ այսպիսի մի առանձնահատկություն կա՝ ամեն ինչ հարաբերական է և փոփոխական, իսկ այս դեպքում ես կասեի՝ փոփոխական է նույնիսկ մեկ օրվա կտրվածքով: Տեսեք, երեկ ընկերն էին, իսկ այսօր Թուրքիան Ադմեդ Դավութօղլուի միջոցով Ղրիմ պահանջեց: Այո, միայն Արցախ չէ, այլ հենց Ղրիմ ու հենց Ռուսաստանից՝ պարզ ասելով, որ դրանք իսլամական հողեր են և պիտի ազատագրվեն: Սա ոչ այլ ինչ էր, քան թարս «չափալախ» Ռուսաստանին, բայց սա միակ ապտակը չէր: Դավութօղլուն երկու ապտակ էր պատրաստել, երկրորդն էլ՝ ուղղված Թուրքիայի մյուս «բարեկամին»՝ Իսրայելին: Բանն այն է, որ Դավութօղլուն խոսեց նաև Պաղեստինն օկուպացիայից ազատելու անհրաժեշտության մասին՝ թարս «չափալախ» տալով Իսրայելին:

 

Ահա այսպիսի բաներ: Իսկ դուք ասում էիք՝ ընկերնե՜ր, բարեկամնե՜ր, դաշնակիցնե՜ր: Տեսնու՞մ եք՝ երեկ ընկեր էին, այսօր՝ ընկեր չեն, վաղը նորից կարող են լինել ընկեր և այդպես շարունակ: Ասածս ի՞նչ է՝ այս հերթական «կապիկություններից» էլ ոգևորվելու կարիք չկա, ամեն ինչ հարաբերական է ու փոփոխական:

 

Կարեն Վարդանյան