Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ի հայտ եկած «լուրջ սառեցումից հետո»՝ 2015 թվականի նոյեմբերին սիրիական սահմանին թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդելով, բոլորը նոր անուղղակի հակամարտություն են սպասում Լեռնային Ղարաբաղում, քանի որ երկու երկրներն արդեն զբաղվում են Սիրիայում առճակատմամբ: Այս մասին «Le Huffington Post»-ում գրում է Օլիվյե դ'Օզոնը:

 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը Հայաստանին չափազանց անհարմար վիճակի մեջ է դնում, մասնավորապես նրանում, ինչ վերաբերում է ածխաջրածինների մատակարարմանը:

 

Ռուս-թուրքական հարաբերությունների զգալի վատթարացումն ակտիվացրել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև լարվածությունը:

 

Բացի այդ, Անկարան զգալիորեն ընդլայնել է աջակցությունը Բաքվին: «Ժամանակն է ազատագրել Ղարաբաղը հայերից, խաղաղությունը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ այնտեղից վերջին հայը կգնա»,- ասել է վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

 

Ադրբեջանը հստակ հասկացել է ուղերձը, և ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցրել Հայաստանի նկատմամբ:

 

Ինչպես հայտնի է, հակամարտությունը դուրս է գալիս տարածքային խնդիրների սահմաններից, քանի որ լարվածությունը սրում են Ռուսաստանը և Թուրքիան:

 

Հայաստանը մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, իսկ Կրեմլը հավատարիմ է Բաքվի հետ հարաբերություններին հավասարակշռված մոտեցմանը:

 

Նման հանգամանքներում, Մոսկվան իրեն ներկայացնում է որպես միջնորդ՝ երկու կողմի միջև: Եվ կարող էր առաջարկել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչը Անկարայի դժգոհությունը բացառապես նոր մակարդակի վրա կբերեր:

 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի սրտով չեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև հրաշալի հարաբերությունները:

 

Ստեղծված իրավիճակում հակամարտության կարգավորումն ընկած է Մինսկի խմբի ուսերին, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

 

Միայն թե Ադրբեջանի արագ ռազմականացման և Ռուսաստանի ու Թուրքիայի աճող ներգրավվածության ֆոնի վրա մոտ ապագայում այդ որոշման վրա հույս դնելը դժվար թե անհրաժեշտ լինի, եզրափակում է հոդվածագիրը: